Այս օրակարգը պատերազմի հետևանք չէ, պատերազմը օրակարգի մաս էր կազմում
copy image url

Այս օրակարգը պատերազմի հետևանք չէ, պատերազմը օրակարգի մաս էր կազմում

Միտք 3 տարի առաջ - 10:14 24-03-2022
Հայաստանի իշխանությունները գործունեություն են ծավալում բոլորովին թուրքական օրակարգով: Թուրքիան և Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ ուղղորդում են Հայաստանին, ինչ թելադրում են, այն էլ կատարում է: Ամենապարզունակ հայացքով քննելու դեպքում անգամ հստակ երևում է, որ մեր իշխանությունների համար ներկա է թուրքական պետական շահը, փոխարենը բացակա է հայկական պետական շահը: Պաշտոնական Երևանը ներկայանում է պաշտոնական Անկարա և պաշտոնական Բաքու:
Սա պատերազմում պարտված երկրին պարտադրված վարքագիծ չէ, ինչպես շատերս կփորձենք պատճառաբանել: Պարտադիր չէ, որ զինադադարից հետո պարտվածը շարունակի հանձնվել ամեն օր բոլոր ուղղություններով, երբ դեռ պետություն և պետականություն ունի: Այս օրակարգը պատերազմի հետևանք չէ, պատերազմը օրակարգի մաս էր կազմում: Օրակարգ, որ պատերազմից առաջ քողարկված էր, իսկ պատերազմից հետո քողազերծված է: Պատճառը Հայաստանն է, իսկ հետևանքը պետության և պետականության ձևական դարձնելը՝ լավագույն դեպքում:
Մեր իշխանությունների օրակարգում չկա ռազմագերիներին վերադարձնելու հարց: Ռուսաստանը, Ֆրանսիան, անգամ Հունգարիան կմիջնորդեն գերիների վերադարձը՝ լավ, չեն միջնորդի՝ դարձյալ լավ: Չկա արցախահայության անվտանգությունն ու կեցության պայմաններն ապահովելու ուղղությամբ գործադրվող ճիգ ու ջանք, մտահոգություն: Ադրբեջանն է որոշողը՝ Արցախ մտնող գազատարի վրա դրած փականը ա՞ջ կպտտի, թե՞ ձախ: Ինչ էլ անի՝ մեզ համար ընդունելի է, ինչպես անընդունելի որևէ բան չկար Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի մեջ՝ որպես խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման:
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ընդունելի է Թուրքիայի դրած պայմանները: Արցախից ձեռ քաշել՝ համարելով Ադրբեջանի մաս: Ցեղասպանությունը չհիշատակել, լռել այդ մասին: Զրոյացնել բոլոր խնդիրները, տհաճ ու անցանկալի դրսևորումները՝ ըստ Թուրքիայի, որպեսզի փակ սահմանը բացվի, առևտուր ու հարևանություն անենք: Այս ամենը թուրքական օրակարգ է, որին մեր իշխանությունները անթաքույց ու բարձրաձայն հավանություն են տալիս և իրականացնում: Երևանում ներկա են Անկարան և Բաքուն, բացակա է Երևանը:

Ամենից շատ դիտված