ԱԱԾ-ի վրա նոր առաքելությո՞ւն է դրվում, թե՞ ելք է գտնվել
copy image url

ԱԱԾ-ի վրա նոր առաքելությո՞ւն է դրվում, թե՞ ելք է գտնվել

Միտք 3 տարի առաջ - 22:40 17-03-2022
44-օրյա պատերազմից հետո բանակը վերակազմավորելու, վերազինելու արդիականացնելու, բարեփոխումներ իրականանցնելու մասին բազմաթիվ խոստումներ են հնչել իշխանությունների կողմից։ Վարչապետը, հաճախակի փոփոխվող պաշտպանության նախարարները նշել են, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել Ռուսաստանի օժանդակությամբ։ Խնդրին անդրադարձել են նաև ընդդիմադիր գործիչները, քննադատել իշխանություններին և նշել, որ Հայաստանը չունի միջոցներ բանակն արդիականացնելու համար։ Իր հերթին ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկ տարի առաջ ասել է, որ ՌԴ-ն օգնում է մոդեռնիզացնել հայկական բանակը։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի տեսնում, թե ինչ է արվել այս ուղղությամբ։

Եվ ահա, Կառավարությունն այսօրվանիստում որոշեց Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասը հատկացնել ԱԱԾ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը։ Ինչպե՞ս մեկնաբանել բանակ-ԱԱԾ հանձնում-ընդունումը։

Նկատենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները շատ էին կրկնում հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտության մասին։ Ենթադրելի է, որ իշխանությունների վերը նշված որոշումն այդ հետքաշման խնդրին է ուղղվելու։ Սահմանից բանակի հետքաշումը, հնարավոր է, հանրային դժգհության պատճառ դառնա, իշխանություններին կրկին կարող են մեղադրել դավաճանության մեջ։ Եվ ահա, այդպիսի հանրային աղմուկը չեզոքացնելու համար առաջին փուլում բանակին կփոխարինեն ԱԱԾ ծառայողները։

Բանակում Կառավարության ղեկավարի հետ վեճեր ու խնդիրներ ունեցողներ շատ կան։ Մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի 24-ին, պաշտոնանկ արվեց Գլխավոր շտաբի պետը։ Ենթադրելի է, որ այս պաշտոնանկությունը ևս կապ ունի զորքերի հետքաշման խնդրի հետ։ Այսինքն՝ բանակում այսօր չկա մեկը, որն իր վրա կվերցնի սահմանից զորքերի հայելային հետքաշման պատասխանատվությունը։ Եվ ահա՝իշխանությունները գտան լուծումը՝ հայ-ադրբեջանական սահմանին բանակի զինվորներին կփոխարինեն ԱԱԾ զինծառայողները, որոնք ԱԱԾ պետի հրամանով հայելային հետ կքաշվեն, երբ այդ մասին կկարգադրի վարչապետը։ Իսկ եթե ռուսական զորքերը դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, ապա չի բացառվում, որ ԱԱԾ-ին կհանձնարարվի հսկել նաև այդ սահմանը և ապահովել, որ հայ-թուրքական կարգավորված հարաբերությունները չխաթարվեն որոշ խմբերի կողմից, որոնք հայ-թուրքական հարաբերությունների մասին այլ կարծիք ունեն։

Կա նաև լավատեսական ենթադրություն։ Այս որոշմամբ՝ փորձ է արվում ուժեղացնել ԱԱԾ-ն՝ որպես ուժային կառույց, հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես նաև՝ պետության համար կարևոր այլ դիրքեր հսկելու առաքելության քողի տակ։ Եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ն ունի միջազգային պարտավորություններ սպառազինության սահմանափակման վերաբերյալ, ապա սպառազինության մի մասը ԱԱԾ-ի վրա գրելով, հնարավոր կլինի շրջանցել այդ սահմանափակումները և հզորացնել պետության պաշտպանունակությունն ու անվտանգությունը։


Ամենից շատ դիտված