«Անտոնով» գործարանը երբևիցե որևէ շարժիչ չի արտադրել․ Հակոբ Ճաղարյան
copy image url

«Անտոնով» գործարանը երբևիցե որևէ շարժիչ չի արտադրել․ Հակոբ Ճաղարյան

Ներքին 3 տարի առաջ - 18:16 14-03-2022
Վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյան գրել է․

«Ֆեյսբուքի հայկական տարածքում Կիևի «Անտոնով» օդանավաշինական գործարանի հրթիռակոծման հետ կապված սկսել են ԿԵՂԾ լուրեր շրջանառվել, թե էդ գործարանը թուրքական Բայրաքթար ԱԹՍ- ների համար շարժիչներ էր արտադրում, որ Ուկրաինայում շարժիչներ արտադրող բազմաթիվ գործարաններ կան, որ դրանք բոլորը գնել է Էրդողանը... և այլն։

Իմ ավիաընկերության Անտոնով-12 և Անտոնով-24 օդանավերի շահագործման կապակցությամբ բազմաթիվ տարիներ համագործակցել եմ արտադրողի` Կիևի «Անտոնով» կոնստրուկտորային Բյուրոյի և նրա գործարանի հետ: Համատեղ ծրագրերի շուրջ համագործակցել ենք ընդհուպ մինչև պատերազմի սկիզբը: Եվ, քաջածանոթ լինելով այդ գործարանի ամեն մի թիզ տարածքի հետ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ`

1. «Անտոնով» գործարանը երբևիցե որևէ շարժիչ չի արտադրել։

2. Ուկրաինայում ավիացիոն շարժիչներ արտադրող բազմաթիվ գործարաններ երբեք չեն եղել: Ուկրաինայում եղել է շարժիչ արտադրող միայն ՄԵԿ գործարան` Զապորոժիեյի «Մոտոռ Սիչ» գործարանը: Եվ միայն մեկ կոնստրուկտորական բյուրո` նույնպես Զապորոժիեյում գտնվող «Իվչենկո-Պրոգրես»-ը:

3. Ավիացիոն արտադրանք թողարկող Ուկրաինական որևէ գործարան, նույնիսկ վերանորոգող, ոչ արտադրանք թողարկող, չեն վաճառվել ոչ մեկի, և չեն սեփականաշնորհվել: Բազմաթիվ տարիներ Չինաստանի կողմից արվող ամենահրապուրիչ առաջարկներն անգամ մերժվել են: Չեն վաճառվել նույնիսկ տեխնոլոգիաները,

4. Բայրաքթար TB-2 ԱԹՍ-ները միշտ աշխատել են հիմնականում ավստրիական Rotax շարժիչներով, 5. Ուկրաինայի և Թուրքիայի միջև 2021թ. կնքված պայմանագիրը Ուկրաինայում Բայրաքթար TB-2 արտադրելու շրջանակներում է, որտեղ շարժիչների և ԱԹՍ-ների համատեղ արտադրության և փոխանակման մասին է խոսքը, ըստ պաշտոնական հայտարարությունների: Չի ընդունվել նաև Ուկրաինայում միայն Թուրքիայի միջոցներով շարժիչների գործարան կառուցելու` Էրդողանի առաջարկը: Եվ Կիևի կենտրոնից ոչ հեռու գտնվող Սվյատոշինո շրջանում տեղակայված «Անտոնով» գործարանն այս գործարքի հետ որևէ առընչություն չունի։

Կուզեի ավելացնել, որ մեր «ռազմավարական դաշնակիցը» արդեն իսկ Թուրքիային տվել է C-400 ստրատեգիկ հրթիռների տեխնոլոգիաները, որոնք վաղուց արտադրվում են հենց Թուրքիայում: Ինչպես նաև Թուրքիայում կառուցվող ատոմակայանը, որն ինքնստինքյան այդ պետությանը հնարավորություն է տալիս հասնել միջուկային զենքի արտադրության համար բավարար հարստացված ուրան ստանալուն: Անկախ իմ վերաբերմունքից Ուկրաինայի և Ռուսաստանի` մեր հանդեպ ունեցած վերաբերմունքից, փաստերի ակնհայտ խեղաթյուրումն ու շրջանառությունը համարում եմ ամոթալի և անթույլատրելի փաստ»։

Ամենից շատ դիտված