2 տարի առաջ` 2019 թ., Քննչական կոմիտեի` Արագածոտնի մարզի Թալինի վարչությունում քրեական գործ էր հարուցվել «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանի դեմ, որով նա մեղադրվում էր շորթման մեջ: Արման Սարգսյանը հraparak.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը մամուլի ասուլիսի հրավեր էր արել՝ Արագածոտնի մարզի 5 համայնքապետերի համայնքների ծրագրերը, իրադարձություները լուսաբանելու համար, սակայն նրանք բողոք էին ներկայացրել քննչական մարմիններին և մեղադրանք առաջադրել ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շորթում, այսինքն` մեղադրում էին գումար շորթելու մեջ: Արման Սարգսյանը, սակայն, պնդում էր, որ նման բան չկա, ինքը ոչ մեկից գումար չի պահանջել:
Oragir.news-ը այսօր` քրգործի հարուցումից ավելի քան 2 տարի անց, երբ գործն արդեն դատական քննության փուլում է, զրուցել է Արման Սարգսյանի հետ: Նա ասաց, որ համայնքապետերը հիմա հրաժարվում են իրենց մեղադրանքներից, ասում են, որ ոչ մի բողոք չունեն իր դեմ:
«Արդեն առերեսում է եղել բոլոր համայնքապետերի հետ, մնացել է մի համայնքապետ, նա էլ չի գալիս դատական նիստերին, վերջինը եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: Չի գալիս միայն Դաշտադեմի համայնքապետը: Դատարանը հրավիրում է, բայց նա չի ներկայանում նիստերին: Մյուս համայնքապետերը ասում են՝ մենք Արմանի դեմ ոչ մի բան չունենք, ոչ մի բողոք չունենք, տենց բան չի եղել: Քննչական կոմիտեում բոլորը ուրիշ բան են ասել, իսկ դատարանում ասում են՝ մենք Արմանի դեմ բողոք չունենք, բոլոր համայնքապետերը նույն պատասխանն են տալիս»,- ասաց Սարգսյանը:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչով է պայմանավորված համայնքապետերի կտրուկ հրաժարումը իրենց մեղադրանքներից, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել, որ հաստատ չեմ կարող իրենց վրա ինչ-որ ճնշումներ գործադրել, ոչ էլ իմ փաստաբանը: Մի համայնքապետը, որ բողոքել է իմ դեմ, Դաշտադեմի համայնքապետն է եղել, նա քննիչի հետ ինչ-որ բարեկամական կապ է ունեցել, այսինքն ` քննիչը օբյեկտիվ չի եղել, անաչառ չի քննել, իսկ հիմա դատարանի կողմից արվում է անաչառ ու օբյեկտիվ: Ես ասել եմ` եթե փաստեր կան, եթե ես իրոք էդպիսի բաներ եմ ասել, ու կան ձայնագրություններ, թող ներկայացնեն, ես իմ մեղքը կընդունեմ դատարանում, բայց դատարանը ասում է՝ չկա ոչ մի փաստ: Ուղղակի քննիչը ստիպել է համայնքապետերին, որ իմ դեմ ցուցմունք տան: Քննիչը ճնշումներ է գործադրել համայնքապետերի վրա»:
Մենք խոսեցինք նաև Արման Սարգսյանի փաստաբան Գևորգ Պարունակյանի հետ. «Ես ապացույց չունեմ, որ քննիչը անօրինական գործողություններ է արել, սակայն այն հանգամանքը, որ կա 5 տուժող, որից 4-ը ներկայանում են դատարան և ցուցմունք են տալիս, որ Արմանը իրենցից չի փորձել գումար շորթել, ոտնձգություն իրենց նկատմամբ չի արել, դրանից հետո էլ դատախազը դիմում է դատարան և ասում, որ հրապարակեն նախաքննական ցուցմունքները, որտեղ էլ լրիվ այլ բան են ասում նշված մարդիկ: Այդ համգամանքը շատ տարօրինակ է, ես այդ հանգամանքի վերաբերյալ միջնորդություն եմ կատարելու: Միայն մի համայնքապետն է պնդում իր նախաքննական ցուցմունքը, որ հանդիսանում է քննիչի բարեկամը»:
Փաստաբանը նաև ասաց, որ նրանց՝ բարեկամ լինելու հանգամանքը ինքը իմացել է Արմանից, այդ մարդուն ընդհանրապես չի տեսել դատարանում և չի կարող հաստատել` համայնքապետը քննիչի բարեկա՞մն է, թե` չէ: «Տարօրինակ է, որ այդ չորս համայնքապետերը մոռացել են, որ Արմանը իրենց վատություն է արել: Ես չեմ պնդում հանգամանքը, որ քննիչը անօրինություն է արել, պնդում եմ, որ տարօրինակ է՝ 4 տուժողները մոռացել են իրենց ցուցմունքները: Սրանք ուղղակի ենթադրություներ են, որ կատարել է անօրինական գործողություններ: Բայց ես կոնկրետ չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե՝ չէ, դա քննությունը կպարզի»:
Համայնքապետերի հետ կապի դուրս գալ մեզ չհաջողվեց, սակայն Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը 2019թ. հraparak.am-ի հետ զրույցում ասել էր. «Քննություն է ընթանում, քննիչը մեզ առերես հարցաքննության է ենթարկել, ուղղակի անցած տարի միջադեպ է եղել, որ ինքն ասում էր՝ գամ գյուղ, հոդված հրապարակեմ գյուղի մասին։ Պայմանավորվեցինք, որ պիտի հանդիպեինք, հետո նշված ժամից ինքը ժամ, ժամուկես ուշ եկավ, ես էլ շտապում էի, գնացի։ Հետո զանգեց, մեր մեջ տհաճ խոսակցություն եղավ, որ եթե դու չես գալիս, չես մնում, ես էլ ուրիշ հոդված կգրեմ քո մասին։ Ես էլ ասացի, որ ինչ ասում է, ես էլ ձայնագրում եմ, եթե դու էդ հոդվածը գրես, ես էլ, ախպեր ջան, սա կտանեմ էնտեղ, որտեղ որ պետք է։ Ինքն ասում էր, որ եթե ինձ իմ աշխատանքի դիմաց գումար չտաս, ես քո ու քո համայնքի մասին վատ հոդված կգրեմ։ Եվ այդպես, մենք իրար չենք հանդիպել, էդ քննությունն ընթանում է ուրիշ գործով, իր հեռախոսը վերծանել էին, ինձ էլ հրավիրեցին որպես վկա։ Ես էլ 2 անգամ գնացի, նոր էդտեղ այդ տղային տեսել եմ։ Ես իրեն գումար չեմ տվել, ես իրեն չեմ տեսել» :
Անահիտ Սվարյան