Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը համաշխարհային ուժային կենտրոնների պայքարի համատեքստում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանին ու Թուրքիային:
Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան ներկա է համաշխարհային ուժերի պայքարների բոլոր «թատերաբեմերում»:
«Չինաստանի, Եվրոպայի ու Արևմուտքի պայքարի ամենակարևոր ճակատներից մեկն էլ մեր իմացած Առաջավոր Ասիան ու հատկապես Կովկասն է լինելու: Այս իմաստով Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»,- ասել է նա:
Քուրթուլմուշը, շեշտել է, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին Ղարաբաղը «ազատագրելու և այնտեղ նոր հավասարակշռություն հաստատելու» գործընթացին։
«Թուրքիան վճռական է ու պատրաստ է նաև նախաձեռնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի մասնակցությամբ վեցակողմ հարթակի միջոցով Կովկասում ու հատկապես Հարավային Կովկասում խաղաղության և անդորրի մթնոլորտի ստեղծումը: Կովկասում հավասարակշռությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովվել»,- հավելել է նա: