Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մնալ տանը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, հաղորդում է Կիևի քաղաքային պետական վարչության Telegram ալիքը։
Կլիչկոն հիշեցրել է հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում հինգ զոհերի մասին։ Այդ կապակցությամբ քաղաքապետը կիևցիներին հորդորել է հոգ տանել սեփական անվտանգության մասին։
«Բոլոր կիևցիներին կոչ եմ անում չքայլել և մեքենա չվարել փողոցներով: Եղեք հնարավորինս զգույշ: Ավելի լավ է այս գիշերն անցկացնեք ապաստարաններում»,- ընդգծել է Կլիչկոն։
Քաղաքապետը հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահները և տարածքային պաշտպանությունը պաշտպանում են Կիևը։ Նա խնդրել է դիմացկունություն ցուցաբերել, որպեսզի թշնամին չկարողանա վախեցնել ու բարոյալքել ուկրաինացիներին։