Նախագահի թեկնածուի վերաբերյալ կոմպրոմատներ կհրապարակվե՞ն
copy image url

Նախագահի թեկնածուի վերաբերյալ կոմպրոմատներ կհրապարակվե՞ն

Միտք 3 տարի առաջ - 21:16 01-03-2022
Ազգային ժողովը վաղը ՀՀ նախագահ է ընտրելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն շատերին քաջ հայտնի Վահագն Խաչատրյանն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է Երևանի քաղաքապետ, 2013-ին ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածու, 2021-ից Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ է՝ ԲՏԱ նախարար։ Շատերի կարծիքով՝ նա լավ կազմակերպիչ է, գործարար մտածողություն ունի, թիմի ներսում կոնֆլիկտ չի ունեցել։

ՔՊ-ի թեկնածուն, կարծես, բավարարում է ՀՀ նախագահի պաշտոնի պահանջներին։ Սակայն հարկ է նկատել, որ նա կուսակցությունից դուրս է եկել թեկնածու առաջադրվելուց անմիջապես առաջ։ Հետևաբար՝ հիմնավոր կասկած կարող է ծագել, թե նա իրականում սպասարկելու է միայն մեծամասնության շահերը՝ խախտելով Նախագահի մասին ՀՀ օրենքը։ Ենթադրելի է, որ այդ կասկածը ցրելու համար վաղը ԱԺ ընդդիմադիր պատգամավորն այնպիսի հարց կուղղի թեկնածուին, որ վերջինս հնարավորություն կստանա ցուցադրելու, որ ինքը կուսակցական չի, թիմային նեղ շահեր չի սպասարկելու և ՔՊ-ի քաղաքական որոշումների սոսկական դակիչը չի լինելու։ Իսկ ՔՊ-ականների հարցերը նրան հնարավորություն կտան քաղաքական գործչի որակներ ցուցադրել և հիմնավորել, որ պետության նախագահին հարիր քաղաքական մտածողություն ունի։ Եթե պատգամավորներն, իրոք, լուրջ վերաբերվեն ՀՀ նախագահի թեկնածուին, ապա կուղղեն հարցեր անկախության, ժողովրդավարության, արտաքին քաղաքականության,Արցախի ազատագրման, քաղաքակրթական ընտրության, եվրաինտեգրացիայի, հայ-ռուսական հարաբերությունների վերանայման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այլ կարևոր թեմաների վերաբերյալ։ Այս դեպքում հանրությանը վստահություն կներշնչվի, որ թեկնածուն համապատասխանում է պաշտոնի պահանջներին և կարող է պատշաճ ներկայացնել Հայաստանը աշխարհում։

Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը վերջին տարիներին չափազանց զգուշավոր, երբեմն՝ կրավորական քաղաքականություն է վարում, ապա հնարավոր է, որ վաղն ընդդիմադիր օրենսդիրները կբոյոկոտեն ԱԺ նիստը, իսկ ՔՊ-ականներն էլ մի քանի պրազունակ հարցեր կուղղեն թեկնածուին և քննարկումը կվերածեն տուն-տունիկի։ Այդպիսով՝ ՀՀ իշխանությունը թեև զերծ կմնա անախորժություններից, որոնք կարող են ծագել Նախագահի թեկնածուի անզգույշ արտահայտությունների հետևանքով, բայց հանրությունն ու աշխարհը չեն հասկանա, թե ով է լինելու ՀՀ նախագահը, ինչ դիրքորոշում ունի հանրությանն ու աշխարհին հուզուղ կարևոր հարցերի վերաբերյալ և ինչպես է ներկայացնելու պետությունն ու ժողովրդին։ Չի բացառվում նաև, որ վաղվա ԱԺ նիստում կհրապարակվեն թեկնածուի վերաբերյալ կոմպրոմատներ, որից հետո Վահագն Խաչատրյանը, ինքնասիրությունից դրդված, ինքնաբացարկ կտա, իսկ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված