Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը Գլխադասային հանձնաժողովում քաղաքային մեծամասնության կողմից մերժելը անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման, այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում թուրք-ադրբեջանական երկդիմ վարքագծին և բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշեց, որ Աժ լռությունը կդառնա համաձայնության նշան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած հռչակագրին։
«Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, մենք ասում ենք՝ ընդհակառակը՝ այն ամբողջությամբ ազգային է, ուղղված է պետական աջակցությանը։ Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի շահերից, այն մեսիջ կլինի ՀՀ, Արցախի և աշխարհասփյուռ հայությանը և նաև միջազգային հանրությանը այն մասին, որ մենք ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից»,- ասաց Օհանյանը։
Վերջինս առաջարկեց հայտարարությունը ներառել նիստերի օրակարգ և քննարկել, հակառակ դեպքում այն կդիտարկվի թշնամու շահերի սպասարկում։