Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ռուսաստան
copy image url

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ռուսաստան

Ներքին 3 տարի առաջ - 21:34 23-02-2022
Արագ փոփոխվող աշխարհում իրական մարտահրավեր է Ժխտման հիվանդությունը (ԺՀ): Այդ մասին գրել է ճապոնացի գրող Կոբո Աբեն «Ամրոցը» հանրահայտ ստեղծագործության մեջ:

ԺՀ-ն քաղաքական հոգեկան հիվանդություն է, որով տառապողները ժխտում են իրականությունը և ապրում անցյալում։ Հիվանդության առաջին փուլում հիվանդը վախենում է կատարվող փոփոխություններից, չի կարողանում պատկերացնել դրանց ընթացքն ու տրամաբանությունը: Երկրորդ փուլում հիվանդը մտովի վերականգնում է անցյալը՝ այն ընդունելով որպես իրականություն, և ժխտում իրականությունը՝ այն համարելով պատրանք: Երրորդ փուլում հիվանդը ցուցաբերում է իրականությանը ոչ համարժեք վարք, չի կարողանում կողմնորոշվել սովորական իրավիճակներում, դատարկախոսում է, դառնում կոնֆլիկտային:

ԺՀ-ով հիվանդներին բնորոշ է անտարբերությունն իրենց երեխաների և այն մարդկանց նկատմամբ, որոնք գոյություն չեն ունեցել անցյալում: Հիվանդի հետ տևական շփվողները կարող են վարակվել: Վարակի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեն դեբիլները: Երբ ԺՀ-ով հիվանդ է պետության ղեկավարը, ապա իշխանությունը կործանվում է, հնարավոր է նաև պետության կործանում, քանի որ հիվանդներն անտարբեր են ժողովրդի նկատմամբ: Երբ ԺՀ-ով հիվանդանում է ժողովրդի մեծ մասը, ապա ժողովուրդը մահանում է կամ արտագաղթում:

Փետրվարի 23-ը Ռուսաստանում տոն է։ Դա Կարմիր բանակի օրն է, որը նշում էին խորհրդային բռնազավթման ենթարկված երկրներում։ Կարմիր բանակը 1921 թվականի ապրիլի 2-ին գրավել է Երևանը, որից հետո տարիներ շարունակ հարյուրհազարավոր արդար մարդիկ, մտավորականներ, սպաներ հալածվել են, աքսորվել, գնդակահարվել։ Նրանց հիշատակին տասնյակ հուշարձաններ կան Երևանում։ ԽՍՀՄ-ի կործանումից տարիներ անց, փետրվարի 23-ը ՌԴ-ում վերականգնվել է և վերանվանվել «Հայրենիքի պաշտպանի օր»։

Հայաստանի և Արցախի տոների և հիշատակի օրերի ցանկում փետրվարի 23-ը, բնականաբար, չի հիշատակվում։ ՀՀ-ում և Արցախում փետրվարի 23-ը չի նշվում որպես տոն, որովհետև Հայաստանն անկախ է, իսկ Արցախը ձգտում է միավորվել անկախ Հայաստանի հետ։ Բայց այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել «Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ»։ Ի՞նչ է սա։

Եթե Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը տառապում է Ժխտման հիվանդությամբ, ապա դա շատ վտանգավոր է Արցախի Հանրապետության և արցախցիների համար։ Պետական այդ գործչին անհրաժեշտ է հիշեցնել, որ Խորհրդային միությունը շատ վաղուց կործանվել է, իսկ Արցախը Ռուսաստան չէ։

Կար ժամանակ, երբ պետական գործիչները խիզախորեն հայտարարում էին՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այսօր մեր չբարեկամները սարսափում են այն մտքից, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ռևանշիստները և ազատագրել Արցախն ու վերջնականապես միավորել Հայաստանի հետ։ Այս տեսանկյունից ենթադրելի է, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի այսօրվա շնորհավորական ուղերձում կա քողարկված ու վտանգավոր ակնարկ, որ Արցախը ներդաշնակ է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, նշում ռուսական ազգային տոնը։ Եթե այս ենթադրությունը ճշմարիտ է, ապա Արցախում շուտով կհայտնվեն «քաղաքական» գործիչներ, որոնք ժողովրդին կշնորհավորեն Ստալինի ծննդյան օրվա առթիվ։ Գուցե հազարավոր հայորդիներ հերոսաբար կռվեցին 44-օրյա պատերազմում, որ Արցախը դառնա Ռուսաստան, ու վե՞րջ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված