Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից բերված Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագծի ՝ իշխանության կողմից մերժման, Արցախի հարցի կարգավորման և ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ձերբակալման համար Ադրբեջանի արված հայտարարության վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ։
-Պարոն Արսենյան, Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ եթե յուրաքանչյուր սթափ քաղաքական գործիչ պետք է գիտակցի, որ Արցախի հարցի կարգավորումն էապես կախված է ՌԴ-ից և Ադրբեջանից։ Նմանատիպ հայտարարությունները որքանո՞վ եք համարում ճիշտ, և արդյո՞ք արժե նման հայտարարություններ անել։
-Անվտանգության սպառնալիք այս պահին կարող է լինել Ադրբեջանը, և եթե հարցազրույցն ուշադիր նայել եք, ապա Ադրբեջանին դիտարկել եմ որպես սպառնալիք, անվտանգության երաշխիք կարող է լինել նաև ՌԴ-ն, այս պահին ՀՀ ԶՈՒ-ն այդ ֆունկցիան չի կարող իրականացնել, եթե վիզուալ նայենք՝ թե որը որտեղ է, պարզ կլինի, ինչքան էլ ցանկություն ունենանք ՝ տեխնիկական հնարավորություն չունենք, մի քիչ դետալացնեմ, որ հասկանալի լինի ասածս, ՀՀ-ում այս պահին սթափության լրջագույն պրոբլեմ կա, հուզական ալիքը բարձր է, իսկ դրա պարագայում որևէ անալիտիկա հնարավոր չի իրականացնել։ Պետք է սթափությունը վերադառնա Հայաստան, ռեալությունը, իրական գնահատականը, այն գնահատել ու հասկանալ, թե մենք ինչ ենք կարող՝ անելը համեմատել ինչ ենք ուզումի հետ։ Ենթադրենք, թե մարդ ունի եկամուտի հազար դոլար հնարավորություն, չգիտես ինչի՝ մտածում են նավ վարձեն ճանապարհորդության համար, այնինչ կարող են մտածել ռետինե մակույկի մասին, բայց ոչ զբոսանավի։ Ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է հիմա էլ Չինաստան խաղացնի, մեկ ուրիշը՝ Սևրի պայմանագիր։ Այդքան երեխաներ են սովորում դպրոցներում, մենք իրենց ի՞նչ ենք սովորեցնելու ի վերջո։
-Ի վերջո, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից բերված նախագիծը մերժեցիք, որը դատապարտում էր «Շուշիի հռչակագիրը»։ Մի՞թե վտանգավորություն չէիք տեսնում ՀՀ-ի համար այդ հռչակագրով։
-Այն մարդիկ, որոնք մեզ կոչ են անում դատապարտել հռչակագիրը, իրենք պարզապես պատերազմ հրահրողներն են։ Որովհետև իրենց ծառայողական առաջընթացը կարող է կապված լինել պատերազմ հրահրելու հետ, և ՀՀ-ի համար անբարենպաստ ելքով պատերազմի։ Փաստարկներն այդ հարցի շրջանակներում ներկայացնելու ժամանակ ասել եմ, որ այս պահին ունենք մեր կարծիքը, մեր գործողությունների ծրագիրը, և ներքին տրամաբանությունը, որը մենք պարտադիր չենք համարում ներկայացնել այդ մարդկանց։ Պատգամավորներին մենք ասել ենք արդեն, որ ունենք մեր դիրքորոշումը, որը մերն է։ Երբ մենք ասում ենք , որ ունենք մեր պատկերացրած տակտիկական մոբայլը, այն իր մեջ պարունակում է հնարավոր գործողությունների մասշտաբ, եթե մենք այս պահին ինչ-որ բան չենք ասում, չի նշանակում, որ հետո չենք ասելու, բայց իրենք չեն պատասխանատուն։ Երկրի ողջ կենսաապահովման պատասխանատուն մեր քաղաքական թիմն է, և հենց մենք էլ որոշում ենք ՝ երբ, ոնց, ու ինչ անենք, իսկ ընդդիմությունը այդ քաղաքական թիմի դեմ գործողություններ իրականացնող համակարգ է , սեփական նպատակներն ու շահերը սպասարկող, ազատ է անելու հայտարարություններ, իսկ մենք հայտարարություններ կանենք այն ժամանակ, երբ նպատակահարմար կհամարենք այն ծրագրված քայլերով։ Ես ընդդիմադիր Աննա Գրիգորյանին էլ ասացի հանձնաժողովի նիստում, որ իրենք պաթոսախառը խոսքերով պատրաստում են հերթական խռովության կամ ապստամբության պլատֆորմը՝ «եղանակները տաքանում են» կարգախոսով։ Ու մեկ էլ մի բան, հաշվի առեք, որ փետրվարի 24-ին ՀՀ պաշտոնական դիրքորոշում ներկայացնող բանագնացը հանդիպելու է Թուրքիայի բանագնացին, այսինքն՝ հայ-թուրքական քննարկման հաջորդ հանդիպումն է։ Ես կասկածում եմ, որ այս նախաձեռնության աղմուկ բարձրացնելը կապված է դրա հետ, որ այս մարդկանց նպատակը հայ-թուրքական հարաբերությունները տորպեդահարելն է, բայց դա իրենց չի հաջողվելու, որովհետև իրենց գործունեության արդյունավետությունը մեր երկրի համար չկա, իսկ մենք, երկիրն այս աղետից հանելով՝ տանելու ենք այլ ճանապարհով։ Մենք պայքարում են ՀՀ ժողովրդի ապագայի համար, իրենք՝ իրենց համար։
-Ադրբեջանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ինչո՞ւ իշխանության կողմից որևէ դիրքորոշում չեղավ դրա վերաբերյալ։
-Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պաշտոնական հայտարարություն անենք ադրբեջանական այդ հայտարարությանը։ Իմ համար առանձնապես մեծ տարբերություն չկա՝ նախագահներին են ուզում ձերբակալեն, թե՞ ՀՀ ցանկացած քաղաքացու, շատ էլ որ մի պահ այդ մարդիկ զբաղեցրել են ՀՀ բարձրագույն պաշտոնը, սովորական քաղաքացի չե՞ն, այդ դեպքում ՀՀ իշխանությունները Ադրբեջանի նմանատիպ հայտարարությունների արձագանքեն՝ պատասխան հայտարարություն տալով։ Դրա համար մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ հիմքով են նման հայտարարություններ անում։ Ես ուզում եմ Ձեզ ասել, որ Ադրբեջանի բանական և ոչ բանական գործողություններին, սովորական և խելագարության հասնող գործողություններին մեկնաբանել պետք չէ, լուրջ չենք վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։ ՀՀ տարածքում մի քանի օր առաջ Դաշնակցության 131-ամյակը նշելուց իրար կողք նստած էին հենց այդ երկու նախագահները, որոնցից ամեն մեկը 10 տարի նախագահի պաշտոնին էր, Լիբանանից, որը Դաշնակցության բյուրոյի ղեկավարն է, ինչ-որ արկածախնդրի էին բերել, որ հաթաթա էր տալիս ՀՀ օրինական իշխանությանը, եթե իրենք իրենց երկրի նկատմամբ օրինականության և պատասխանատվության զգացում ունեին, ապա ինչո՞ւ չասացին , այդ ինչե՞ր ես խոսում, այ տղա, այ արկածախնդիր, ո՞վ ես դու, որ եկել ես այստեղ ու նման բաներ ես ասում ՀՀ տարածքում ՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Այստեղ մեկը չկա՞ր, որ ասեր՝ գնա քո կուսակցական գործերով զբաղվի, ընկեր ջան, ի՞նչ գործ ունես ՀՀ իշխանությունների հետ, այն էլ գնահատական տաս, որը տվել է ՀՀ ժողովուրդը։ Իսկ երկու նախագահները նստած՝ հաճույքով լսում էին, այդպե՞ս է նախագահը մտածում իր երկրի, պատվի մասին։
Քնարիկ Պետրոսյան