Կիևում ավարտվել են Վլադիմիր Զելենսկու և Օլաֆ Շոլցի բանակցությունները
copy image url

Կիևում ավարտվել են Վլադիմիր Զելենսկու և Օլաֆ Շոլցի բանակցությունները

Արտաքին 3 տարի առաջ - 22:40 14-02-2022
Կիևում ավարտվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները։

Գերմանիայի ղեկավարը կրկնել է, որ Գերմանիան մնում է Ուկրաինայի կողքին և պատրաստ է, ինչպես ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները, ցանկացած պահի կիրառել «ամենալուրջ պատժամիջոցները» Ռուսաստանի դեմ, եթե երկիրը խախտի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ռազմական ագրեսիա իրականացնի։

Այնուամենայնիվ, Գերմանիան հույս ունի շարունակել բանակցությունները նորմանդական ձևաչափով և թույլ չտալ, որ հակամարտությունը սրվի։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այս թեմայով որոշակի առաջարկներ են արել Ռուսաստանին և սպասում են Կրեմլի արձագանքին։

Այսպես կոչված անվտանգության պահանջների շրջանակում Ռուսաստանի առաջ քաշած պայմաններից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելն է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան չի հրաժարվում այս ծրագրից, բայց չգիտի, թե որքան երկար կլինի այդ ճանապարհը։

«Մենք կցանկանայինք հասնել ՆԱՏՕ-ին անդամակցելու, քանի որ մեզ համար դա նշանակում է ապահովել մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Զելենսկին։

Բացի այդ, Ուկրաինան Գերմանիայից պահանջում է էներգետիկ անվտանգության երաշխիքներ՝ իր տարածքով գազի տարանցման պահպանում, ինչին կարող է խանգարել «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ինքը և Օլաֆ Շոլցը դեռևս տարաձայնություններ ունեն այս հարցում։

Շոլցը հավելել է, որ Գերմանիան կշարունակի ներդրումներ կատարել Ուկրաինայում և ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով ևս 150 միլիոն եվրոյի վարկ։

Ամենից շատ դիտված