Սկսած 2021թ․-ի մայիսից տնտեսության աճի տեմպերը թուլացել են
copy image url

Սկսած 2021թ․-ի մայիսից տնտեսության աճի տեմպերը թուլացել են

Ներքին 3 տարի առաջ - 21:07 31-01-2022

2021թ․-ին վերաբերող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2021թ․-ին մեր արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 117․7%-ով։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 119․1%-ով, մինչդեռ ներմուծումը՝ 116․9%-ով։ Որպեսզի տոկոսային արտահայտությունները թյուրիմացություն չստեղծեն, նշենք, որ բացարձակ թվերով 2021թ․-ին արտահանվել է ավելի քան 3 մլրդ 22 մլն դոլարի արտադրանք, և ներկրվել՝ 5 մլրդ 357 մլն դոլարի։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը, նախնական տվյալներով, կազմել է 2 մլրդ 335 մլն դոլար։ Հավելենք նաև, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ռեսուրսների ծավալների աճով։

Համաձայն հրապարակման՝ անցած տարում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 107․6%-ով։ Ընդ որում` պետական հատվածում աշխատողների աշխատավարձի միջին ամսական աճը կազմել է 105․2%, ոչ պետական հատվածում աշխատողներինը՝ 108․4%-ով։ Պետական հատվածում հունվար-դեկտեմբեր ժամանակային միջակայքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 179 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 204 հազար։ Հիշեցնենք, որ համաձայն նախնական մակրոտնտեսական ցուցանիշների՝ 2021թ․- տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105․8%։

Հավելենք նաև, որ անցած տարեսկզբին տնտեսությունը բավականին ակտիվ վիճակում էր, բայց ապրիլ-մայիս ամիսներից սկսած աճի տեմպերը թուլացան։ Չնայած, որ Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ տարեսկզբին կանխատեսում է 1%-ի տնտեսական աճ, տարեկեսին այն վերանայվեց և, Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Հայաստանի տնտեսության աճը պետք է կազմեր 6.1%, այդուհանդերձ այն կազմել է 5․8%։ Ընդ որում` տնտեսության առանցքային ճյուղերում, ի դեմս արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի էական աճ չկա։ Եթե արդյունաբերությունում աճը 3%-ի շրջանակներում է, ապա մյուս երկուսում անկում ենք արձանագրել։ Հավելենք նաև, որ աճի նման տեմպերով Հայաստանի տնտեսությունը դեռ բավականին հեռու է 2019թ․-ի նախաճգնաժամային մակարդակից։

Ամենից շատ դիտված