Պատմության դատաստանի առաջ
copy image url

Պատմության դատաստանի առաջ

Միտք 3 տարի առաջ - 20:39 31-01-2022

Պատմությունն արձանագրում է փաստեր և իրադարձություններ՝ լինի քարին փորված, մագաղաթին գրված, թե սովորական թղթի վրա տպագրված: Նաև հաշվի է առնում որոշակի հանգամանքներ՝ այդ փաստերն ու իրադարձությունները համադրելու կամ հակադրելու շարադրանքում: Եթե փորձենք մեր վերջին 30 տարվա պատմությունը հակիրճ և ուղղակի թիրախային արձանագրել, կստացվի այսպես:

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Վերակերտեցինք մեր անկախ պետականությունը, կազմավորվեց Հայոց բանակը, ազատագրեցինք Արցախը, ունեցանք ամուր և պաշտպանված սահմաններով Հայաստան:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Ունեցանք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, պաշտպանված Արցախ և անխոցելի սահմաններով Հայաստան:

Սերժ Սարգսյանի ժամանակ: Քառօրյա պատերազմում չպարտվեցինք, թեպետ ունեցանք տարածքային կորուստ՝ շուրջ 400 հեկտար: Հստակեցվեց, որ Արցախի խնդիրը բիրտ ճանապարհով լուծում չունի: Ձեռք բերեցինք «Իսկանդեր»՝ տարածաշրջանում ամենահզոր զինատեսակը:

Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Կորցրեցինք Արցախի գրեթե 75 տոկոսը, մնացած 25 տոկոսը ռուս խաղաղապահների հսկողության ներքո է: Սյունիքից և Գեղարքունիքից թշնամին ներխուժել է Հայաստանի սահմաններից ներս և սպառնում է նոր տարածքներ գրավել: Ջախջախված է Հայկական բանակը, որը պետության և պետականության երաշխավորն է: Այսինքն՝ վտանգված է մեր պետականությունը և որպես պետություն՝ մեր գոյության իրավունքը:

Սա է ժամանակի պատմական սեղմ ակնարկը՝ գլխավոր դերակատարներով սահմանազատված: Նաև զատ-զատ գրվելու է և՛ հաղթանակը, և՛ պարտությունը, ու դրանցից բխած պատճառներն ու հետևանքները, կամ՝ դրանք բխեցրած: Բայց չի գրվելու, թե այս արհավիրքը հեղինակել էին նախկինները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Ո՛չ, Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ որևէ շշկռած փորձի գրել, եկող սերունդն այդ գրագրին պարզապես կանվանի հիմար:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված