Ռուսաստանը զորավարժությունների համար Բելառուսում տեղակայել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգեր, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հերթական երկաթուղային էշելոնը բեռնաթափման կայան է հասցրել Արևելյան ռազմական օկրուգի «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային դիվիզիոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպես. «Պանցիր-Ս» դիվիզիոնը ներառում է 12 մարտական մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 12-ական զենիթային հրթիռ տրանսպորտագործարկման բեռնարկղերում։
Նշվում է, որ բեռնաթափումից հետո անձնակազմը երթ կիրականացնի հանձնարարված տարածքներ, որտեղ կվերազինի դիրքերը և կանցնի ուսումնամարտական պատրաստության հերթապահություն Բելառուսի և Ռուսաստանի միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի կազմում։