ԱՄՆ Տեխաս նահանգի Սանտա Ռոզա քաղաքի բնակչուհի Ստեֆանի Գարսիան նախորդ երկու հարաբերություններում ընտանեկան բռնության ենթարկվելուց հետո ամուսնացել է Հերարդո Կաստանեդայի հետ, որը 20 տարի ազատազրկման էր դատապարտված իր նախկին կնոջ սպանության համար: Նրանց ամուսնությունը, սակայն, երկար չի տևել, գրում է Daily Mail-ը։
Գարսիայի խոսքով, երկու ամուսնությունների ընթացքում ընտանեկան բռնության ենթարկվելուց հետո նա «կորցրել էր զգայունությունը» և դադարել էր ուշադրություն դարձնել կասկածելի վարքագծին, իսկ ինքը՝ Կաստանեդան, կարեկցանք էր առաջացրել, քանի որ կարծում էր, որ նա իսկապես զղջացել էր կատարածի համար: Կինը պատմել է, որ պաշտպանել է իր հարաբերությունները այն բանից հետո, երբ սոցցանցերում վիրավորանքներ են հնչել իր հասցեին՝ մարդասպանի հետ ամուսնանալու համար:
«Ես իսկապես հավատում եմ, որ մարդիկ երկրորդ հնարավորության իրավունք ունեն: Եվ ես հավատում էի, որ նա իր պարտքը վճարել էր հասարակությանը»,- ասել է Գարսիան:
Զույգն ամուսնացել է Կաստանեդայի բանտից դուրս գալուց մի քանի ամիս անց։ Սակայն մեկ տարի անց նա լքել է կնոջը՝ չբացատրելով իր արարքի պատճառները։ Այժմ կինն աշխատում է բանտի ներում շնորհելու հարցերով զբաղվող բաժանմունքում և զարմանում է, թե ինչպես կարող էր վստահել իրեն հմայած հանցագործին։