Ղազախստանում անկարգությունների ժամանակ երեք երեխա է մահացել
copy image url

Ղազախստանում անկարգությունների ժամանակ երեք երեխա է մահացել

Արտաքին 3 տարի առաջ - 15:44 09-01-2022

Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինը հայտարարել է երկրում անկարգությունների ժամանակ մահացած ևս մեկ երեխայի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ այս պահին հայտնի է երեք մահացած երեխաների՝ 4-ամյա աղջկա, 11-ամյա տղայի և 15-ամյա դեռահասի մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 5-ին 11-ամյա երեխա է մահացել հրազենային վնասվածքից։ Երբ հնչել է կրակոցը, երեխան ընտանիքի հետ դուրս էր եկել զբոսանքի։

Հունվարի 7-ին կրակել են ավտոմեքենայի վրա, որում 15-ամյա դեռահաս է եղել հոր հետ։ Անչափահասին տեղափոխել են Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար։

Նույն օրը Ալմաթիում մահացու վիրավորում է ստացել չորսամյա մի աղջիկ, վիրավորվել է նրա 15-ամյա քույրը։

Ալմաթիում մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում անկարգությունները։ Խռովարարները կարողացել են գրավել մի քանի վարչական շենքեր և օդանավակայանը։ Հունվարի 6-ից քաղաքում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, քաղաք են բերվել զինվորականներ, այդ թվում՝ ՀԱՊԿ խաղաղապահներ։ Անվտանգության ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել օդանավակայանի վրա միայն երկու օր անց՝ հունվարի 7-ին։

Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է գազի սակագինը 60-ից դարձնել 120 տենգե։ Բողոքի ցույցերն արագ վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների։ Հունվարի 4-ին կառավարական հանձնաժողովը հայտարարել է գազի սակագինը 50 տենգեի իջեցնելու որոշման մասին։ Հունվարի 5-ի գիշերը երկրի նախագահը հայտարարել է երկրում վառելիքի և սննդամթերքի գների 180-օրյա պետական ​​կարգավորման մասին։