2019-ին Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան էր լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված եղան միջամտել: Պատճառը մի խումբ հայերի մասնակցությամբ միջադեպն էր, որի հետևանքով մարդ էր զոհվել, ու կատարվածը բողոքի զանգվածային ցույցերի տեղիք էր տվել: Ու դժվարությամբ հաջողվեց հակահայկական տրամադրությունները «կոտրել»: Այժմ այդ առումով նոր «հեռանկարներ» են բացվում.
ՀԱՊԿ կազմում Ղազախստան են մեկնել Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները, որովհետև սուբյեկտայնությունը կորցրած մեր երկրի վարչապետն արել է այն, ինչ հրահանգում է Ռուսաստանը: Նիկոլ Փաշինյանին բնավ չեն հետաքրքրում ոչ ղազախահայ համայնքը, ոչ մեր խաղաղապահների կյանքը, ոչ էլ այլ բան:
Կարևորը գրառումը կատարել է ֆեյսբուքում, լայքահավաք ֆեյքերի հիմնարկի հավանություններին արժանացել, իսկ առավոտյան նույնիսկ Սուրբծննդյան աղոթք է կարդացել, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, թեև ինքն անգամ ճիշտ չի խաչակնքվում:
«Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական և ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաև` աջակցությունն իրավապահ ուժերին»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ։
Իսկ իրականում ինչ կապ ունի հայ խաղաղապահը Ղազախստանի «մարտի 1-ի» հետ։ Բնականաբար, ոչ մի, հատկապես որ Ղազախստանի իշխանություններին իր ժողովուրդը դավաճան է համարում, ինչպես մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ մարտի 1-ին մարդկանց կոչ արեց խմբվել, իսկ ինքն անակնկալ «կորավ»: Վաղը, եթե Աստված մի արասցե, որևէ հայ խաղաղապահի որևէ բան պատահի, Փաշինյանին դա չի մտահոգելու, գուցե վաղն էլ սուլելով պարի օդանավակայանում՝ հայրենիք վերադարձող խաղաղապահներին դիմավորելիս, ինչպես դեկտեմբերի 31-ին՝ զորամասերից մեկում, երբ նույն օրը 18-ամյա զինվոր էր զոհվել ու լուրը խնամքով թաքցվել էր, որ զինվորասիրության շոուն «չհարամվի»:
Արեգ Արևյան