«Հարսնաքար» համալիրում շարունակվում է ՀՀԿ 17-րդ համագումարը: Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն իր խոսքը սկսեց այն մտքով, որ համագումարը անցնում է երկրի համար արտակարգ պայմաններում.
«Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, որովհետև մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այնտեղի է ունենում արտակարգ պայմաններում, և մեզ համար, որ առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ պետք է առանց այլևայլությունների պետք է խոսել իրականության մասին.
«Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևոր, սա ռեկորդային ցուցանիշ է, իհարկե, բացասական առումով: Մինչ մենք այս լուսավոր դահլիճում ենք, Զվարթնոց օդանավակայանում մեր հայրենակիցները արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին օտար երկրում հաստատվելու հույսով:
Իրավիճակն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո շուրջ 30 հազար արցախցի մնացին առանց տուն: 44-օրյա պատերազմի արդյունքում 5 հազար ընտանիք կորցրեց իր հույսը, 5 հազար երիտասարդներ այդպես էլ հարսանիք չարեցին, նրանց որդիներն այդպես էլ չծնվեցին»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով նաև բանակցությունների թեման, երբ Փաշինյանը բանակցային հաղթանակներ է տանում ընդամենը մի խեթ հայացք ձգելով: