Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, որն անցած ամիս առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, ավելի արագ է տարածվում, քան աշխարհում ներկայում գերիշխող «դելտա» շտամը, իսկ առկա պատվաստանյութերն, ամենայն հավանականությամբ, պակաս արդյունավետ են դրա դեմ: Սակայն, առկա տվյալների համաձայն, այս շտամի դեպքում հիվանդության ընթացքն ավելի մեղմ է։ Նման տեղեկություն է պարունակվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակված տեղեկագրում, մեջբերում է France Presse գործակալությունը։
Փաստաթղթում նաև պնդվում է, որ երկրներում, որտեղ բնակչության շրջանում կսկսի տարածվել «օմիկրոնը», շատ հավանական է, որ «դելտան» դուրս կմղվի:
Մինչ օրս «օմիկրոնով» վարակման դեպքեր են գրանցվել 63 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Հարավային Աֆրիկայում «օմիկրոնի» տարածումն արդեն հանգեցրել է համավարակի նոր ալիքի, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է մի քանի անգամ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ հիվանդների մեծ մասի մոտ ի հայտ են գալիս սովորական մրսածությանը բնորոշ թեթև ախտանշաններ։ Նաև, «օմիկրոնով» վարակված ոչ մի հիվանդի մահվան դեպք չի արձանագրվել։