Քաղցկեղի ազգային ինստիտուտի (National Cancer Institute) և Մեծ Բրիտանիայում Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի (United Kingdom's World Cancer Research Fund) կողմից ֆինանսավորվող հետազոտությունը ցույց է տվել, որ ըմպելիքը, որն ամբողջ աշխարհում ամեն օր օգտագործում են միլիոնավոր մարդիկ, կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել: Մինչև վերջերս ըմպելիքը համարվում էր ոչ միայն բացարձակապես անվտանգ, այլև շատ օգտակար։
Ինչպես նշում է Daily Express-ը, խոսքը կենդանական ծագման կաթի մասին է։ Հետազոտությունը, որի ընթացքում վերլուծվել են ավելի քան 50.000 ամերիկուհիների տվյալները ութ տարվա կտրվածքով, ցույց է տվել, որ կենդանական ծագման կաթը 80%-ով մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։
Միաժամանակ գիտնականները հաշվի են առել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել քաղցկեղի զարգացման վտանգի վրա, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործումը, հորմոնները և հիվանդների վերարտադրողական պատմությունը։
Հետազոտության մեկնարկից առաջ մասնակիցներից ոչ ոք քաղցկեղ չի ունեցել, սակայն ժամանակի ընթացքում հիվանդությունն ախտորոշվել է նրանցից 1057-ին:
Վերլուծելով տվյալները, գիտնականները եկել են եզրակացության, որ քաղցկեղը կարող էր զարգանալ կաթի ամենօրյա օգտագործման հետևանքով, այդ թվում նաև փոքր քանակությամբ՝ օրական մեկ բաժակից պակաս։
Մասնագետները ենթադրում են, որ դա պայմանավորված է կենդանական կաթում հայտնաբերված բնական խթանիչներով. դրանք հրահրում են բջիջների աճ և բաժանում։
Առայժմ գիտնականները չեն կարող հաստատել պատճառահետևանքային կապը: Կրծքագեղձի քաղցկեղի վրա կաթի և կաթնամթերքի ազդեցության վերաբերյալ ապացույցները հակասական են, նշում են գիտնականները: Այնուամենայնիվ, նրանք կապ են հայտնաբերել կովի կաթի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև:
Այժմ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ հաստատելու համար այդ կապը գոյություն ունի, թե՞ ոչ։