ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում 20 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։
«Մարդասիրական արձագանքման կենտրոնը Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ է իրականացնում։ Քանի որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս փուլում արդեն մշակվել է ավելի քան 20 հեկտար տարածք, ընդհանուր առմամբ պլանավորված է շուրջ 100 հեկտար տարածք մշակել», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովը։
Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հա–ի մշակման անվտանգությունը։
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական ու կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրներ այցելելիս: