Արցախցի ռադիոինժեներ Նիկոլայ Բալայանի սերը ժամացույցների հանդեպ խթան հանդիսացավ, որ նա թողնի իր հիմնական մասնագիտությունը և զբաղվի ժամացույցների արտադրությամբ։ Իր մտահղացմամբ՝ նա ժամացույցները արտադրում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քարտեզներով, ընդ որում, ԼՂԻՄ-ի և Արցախի Հանրապետության՝ մինչև նոյեմբերի 9-ը եղած սահմաններով։
Oragir.news-ը զրուցեց հայտնի ժամագործի հետ՝ պարզելու արդյո՞ք ժամագործը պատրաստվում է ժամացույցի վրա պատկերվող քարտեզները հարմարեցնել տարածաշրջանային նոր իրողություններին։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ստեղծված Արցախի նոր տարածքին։
-Պարոն Բալայան, ի՞նչ մասնագիտություն ունեք։ Երբվանի՞ց եք սկսել զբաղվել ժամացույցների արտադրությամբ։ Ի՞նչը խթան հանդիսացավ, որ Ձեր սեփական ժամացույցների արտադրամասը հիմնեք։
-Ես ծնունդով արցախցի եմ, դպրոցս ավարտելուց հետո ուսման նպատակով տեղափոխվել եմ Երևան, մասնագիտությամբ ռադիոինժեներ եմ։ ժամացույցների արտադրությամբ զբաղվում եմ արդեն 27 տարի։ Իմ կյանքում ցանկացած ձեռքբերման հասել եմ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ես 1987թ-ին Հայաստանում հիմնել եմ թվով 7-րդ կոպերատիվը։ Առաջին քայլերս արտադրության մեջ եղել է 1987թ-ին, երբ սկսեցի արտադրել բազմակի օգտագործման ռետինե կափարիչներ՝ պահածոների համար։ Բայց այս ամենը երկար չտևեց, որոշ ժամանակ անց հեղափոխություն եղավ, գործերս սկսեցին վատանալ և գործարանը փակվեց։ Բայց այս ամենը ինձ չհուսահատեցրեց, ես նորից սկսեցի ոչնչից։ Զբաղվեցի գրիչների արտադրությամբ, բայց դա էլ երկար չտևեց։ Իսկ արդեն 1993թ-ից սկսած սկսեցի առևտրով զբաղվել։ Հայաստան էի բերում և վաճառում այն, ինչ սպառում էր ունենում այդ ցուրտ ու մութ տարիներին։ Այդ ժամանակ բավականին հաճախ Բեյրութ էի գնում-գալիս։ Բայց գումարի փոփոխման հետևանքով այս ամենը լավ եկամուտ չէր ապահովում, և ես կամաց-կամաց անցում կատարեցի ժամացույցի առևտին, իսկ հետո նաև արտադրությանը։ Սկզբնական շրջանում սկսեցի զբաղվել ժամացույցների առևտրով, բայց որոշ ժամանակ հետո հասկացա, որ գործում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է անընդհատ նորամուծություններ մտցնել, ավելի բարդ տեխնոլոգյաներ մշակել, որը ամեն բանով կգերազանցեր և կտարբերվեր շուկայում առկա մնացած ժամացույցներից։
-Ձեր արտադրանքը միայն տեղական, ներքին շուկայում եք սպառո՞ւմ, թե՞ արտերկիր էլ եք ուղարկում ։
-Մեր արտադրանքը մեծ ճանաչում և սպառում ունի նաև արտաքին շուկայում։ Հիմնականում արտահանում ենք Ղազախստան և Ռուսաստան, որտեղ մեծ պահանջարկ ունենք։ Մեր տասնամյակների աշխատանքը գնահատվում է և՛ ներքին, և՛ արտաքին շուկայում։ Մենք տարբեր առաջարկներ ենք ստացել, որպեսզի բացենք մեր ֆիրմային խանութը և արտադրենք ժամացույցներ, որոնք կկրեն և կարտացոլեն ռուսական մշակույթի ինչ-որ մասնիկներ։ Մտահղացում ունեմ մեր ֆերմային խանութը բացել նաև ՌԴ-ում։
-Ձեր ժամացույցներից որոշների դաշտերում պատկերված է Արցախը՝ ազատագրված տարածքներով, իսկ հիմա ինչպես արդեն գիտենք, այդ տարածքները, օկուպացված է թշնամու կողմից: Հնարավո՞ր է՝ տեսանելի ապագայում Ձեր արտադրած ժամացույցների տեսականու մեջ տեսնենք այնպիսիները, որոնց դաշտում պատկերված կլինի ներկայիս մասնատված Հայաստանն ու Արցախը։
-Հայկական մշակույթը կրող ժամացույցների մտահղաացումն իմն է։ Այդ ժամացույցները մեծ պահանջարկ են վայելում և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս ապրող հայերի շրջանում։ Մեր շատ հայրնակիցներ միշտ ցանկություն են ունենում, այդ ժամացույցները, որպես հուշանվեր, իրենց հետ վերցնել և աշխարհի տարբեր անկյուններ տանել որպես Հայաստանը հիշեցնող մի իր։ Ես ունեցել եմ նաև ժամացույցներ, որոնց դաշտում գրված է, որ կմեռնենք, բայց ոչ մի թիզ հող չենք տա թշնամուն։ Այս պահին նոր՝ մասնատված հայրենիքի քարտեզով ժամացույցներ արտադրելու մասին դեռ չեմ մտածել։
Ժամացույցների տեսականուն կարող եք ծանոթանալ այս հղումով։
Լիլիթ Հարությունյան