«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Սաշա Կատվալյանին 2021թ․ նոյեմբերի 25-ից Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին որոշումը»․ ասված է քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ։ Oragir.News-ի հետ զրույցում համայնքի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը մանրամասնեց, թե առաջիկայում ինչ պլաններ ունի՝ Դավթաշեն համայնքի հետ կպաված, և թե ինչպես է պատկերացնում դավթաշենցու խնդիրների լուծումը։
-Պարոն Կատվայլան, երեք տարի եղել եք Դավթաշեն վաչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Հիմա արդեն որպես համայնքի ղեկավար, ինչպե՞ս եք պատկերացնում Դավթաշեն համայնքի ղեկավարի պաշտոնավարումը։
-Իրականում, երեք տարի աշխատել եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և քանի որ, ի տարբերություն մյուս վարչական շրջանի ղեկավարների, միակ տեղակալն եմ եղել, այդ ընթացքում բոլոր խնդիրներին տիրապետել եմ։ Ու երբ նշանակվել եմ, ես և նախկին թաղապետ Միքայել Թումասյանը, այսպես ասած, գծել ենք մեր հինգ տարվա աշխատանքնային պլանը, թե ի՞նչ ենք ուզում անել այս հինգ տարվա ընթացքում։ Այսինքն՝ ո՞ր բակերը պետք է բարեկարգենք, ի՞նչ պետք է ունենանք, ի՞նչ ճանապարհներ պետք է ասֆալտապատվեն, ո՞ր հատվածներում պետք է լուսավորություն իրականացվի։ Այսինքն՝ այնպես չէ, որ նոր բան պետք է անենք, մենք գծել ենք մեր ծրագիրը ու դա շարունակելու ենք։
-Այսինքն՝ Դուք լիարժեք տիրապետո՞ւմ եք, թե ինչպիսի խնդիրներ ունի դավթաշենցին։
-Այո, տիրապետում եմ։ Եկող տարվա 2022 թվականի բյուջեով մենք նախատեսել ենք առնվազն տաս հասցեում մանկական խաղահրապարակ ու խաղասարքեր տեղադրել ռետինե հարթակների վրա, որոնք անվտանգ են։ Այսինքն՝ այդ խնդիրն է շատ կարևոր առաջիկա տարվա համար, որի լուծմամբ մենք նաև կտարբերվենք մյուս վարչական շրջանների ղեկավարներից։ Գլխավոր ուղղություններից մեկը եղել և շարունակում է մնալ բոլոր հնարավոր վայրերում մայթերի կառուցումը՝ բնակիչների ազատ տեղաշարժը ապահովելու ու կազմակերպելու համար։ Այնուհետև մի խոշոր ծրագիր ունենք, ավելի ճիշտ, երկու խոշոր ծրագրեր կան․ ցանկանում ենք ամբողջ Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի անունը կրող գլխավոր փողոցին նոր տեսք հաղորդել՝ նոր ոճով ու նոր ձևի սալահատակներ տեղադրել։ Ինչպես նաև, չգիտեմ հաջորդ ծրագիրը կիրականացնեք 2022 թվականին, թե կտեղափոխենք 2023 թվական, բայց ցանկանում ենք N200 և N189 դպրոցներին կից հատվածում մոտ մեկ հեկտար անբարեկարգ տարածքը դարձնել մեծ այգի, հանգստի գոտի, ինչպես նաև բեմահարթակ։
-Հնարավորինս արագ դրական փոփոխություններ բերելու համար ո՞ւմ հետ եք տեսնում համագործակցությունը թե՛ վարչական շրջանի ներսում, թե՛ դրանից դուրս։
Ցանկացած առողջ կարծիք, անկախ նրանց, թե որ կուսակցությունից կհնչի, եթե լավ բան է ասվում, ընդունում ենք ի գիտություն և փորձում ենք իրականացնել։
-Թաղապետարանում կերուխում կազմակերպած աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը, ով ամիսներ առաջ աշխատանքից ազատվեց, երբ դուք փոխթաղապետ էիք, փաստացի խախտել էր համայնքային ծառայության կարգապահական կանոնները։ Դուք ինչպե՞ս եք պայքարելու նման երևույթների դեմ։
Այդ ժամանակ, երբ նկարը տեղադրվել էր, պարոն Սահակյանը նոր էր վերադարձել ռազմաճակատից։ Այսինքն՝ նա որոշակի էմոցիոնալ ազդեցության տակ էր, և բնական է, պատերազմից վերադարձող մարդու դեպքում նաև էմոցիոնալ խախտումներ կային։ Եվ անկեղծ ասած, ես դա նորմալ եմ գնահատում, որովհետև, իրականում, պարոն Ասատրյանը բավականին լավ աշխատող է եղել մեզ համար։ Այդ պահին նա ընդունեց իր կարգապահական խախտումը, դիմում գրեց ու հեռացավ։ Իսկ կարգապահական ցանկացած խախտման պետք է ըստ արժանվույն գնահատական տրվի։ Եթե կարգապահություն չլինի, բնականաբար, վարչական շրջանի աշխատանքները չեն կարող ընթանալ այնպես, ինչպես որ պետք է։
Քնարիկ Պետրոսյան