Ցանկացած բախման ժամանակ, բացի առաջնագծից, ակտիվանում է նաև ինֆորմացիոն ճակատը։ Ադրբեջանական կողմից հաճախակիանում են հաքերային հարձակումները հիմնականում պետական ապարատի վրա։ Վերջին պատերազմի ընթացքում նրանց հաջողվել էր հասնել նույնիսկ գերգաղտնի տեղեկությունների բազային։ Թե ինչ եղավ հետո, հայտնի չէ։ Այսօր նույնպես կիբերդաշտը հանգիստ չէր։ Թիրախում խոշոր ԶԼՄ-ներն էին։ Այդ մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հիմնականում տվյալ ԶԼՄ-ները չեն ցանկացել հրապարակել իրենց անունները։ Հարձակման մասին խոսել է միայն «Հայկական ժամանակ»-ը։ Ընդ որում՝ դա ներկայացնելով ոչ թե որպես պարզապես DDoS հարձակում։ Ըստ պարբերականի՝ իրենց կոտրել են։ Լուրը տարածվեց անմիջապես այն բանից հետո, երբ կայքին սկսեցին մեղադրել ապատեղեկատվություն ու խուճապ տարածելու մեջ։ Թե ինչու էին այս անգամ թիրախավորվել հենց ԶԼՄ-ները, Սամվել Մարտիրոսյանը բացատրում է հետևյալ կերպ․ «Հիմա ակտիվ պայքար են մղում Telegram-ում։ Նպատակը հետևյալն է, որպեսզի լրատվական կայքերը չաշխատեն, ու մարդիկ մասսայաբար տեղափոխվեն Telegram, որտեղ էլ հենց կդառնան իրենց տարածած ապատեղեկատվության սպառողը»։
Մեդիափորձագետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հատկապես նման օրերին շատ կարևոր է պահպանել տեղեկատվական հիգիենան, եթե չեք ուզում, որ Ձեր տվյալները հայտնվեն թշնամու ձեռքում։