Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի խորը համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նման կարծիք է հայտնել «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։
Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Հայաստանը բաժանվել է Օսմանյան ու Ռուսական կայսրությունների միջև: Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ցեղասպանության ենթարկվեցին, մինչդեռ Ռուսաստանում նրանք ինտեգրվեցին և այսօր ներկայացված են կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
ՀՀ նախագահն անիմաստ է համարում հայ-ռուսական համագործակցության նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները, քանի որ երկու պետությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ և խորը փոխգործակցություն: Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, երկկողմ համագործակցության ձևաչափը կարող է մի փոքր փոխվել, իսկ որակը՝ բարձրանալ ։
«Դրա համար առաջին հերթին մենք Հայաստանում պետք է ինքներս փոխենք մեր վերաբերմունքը մեր հանդեպ։ Այսինքն՝ կառուցենք փոքր, բայց խելացի պետություն, որը շատ մեծ և ուժեղ բարեկամ ունի՝ Ռուսաստանը։ Դառնանք նրա փոքր, բայց իրոք ուժեղ գործընկերը։ Կուզենայի իսկապես լինել ուժեղ երկրի նախագահ, որը հսկայական, մեծ, վաղեմի, պատմական ընկեր ունի, որի հետ կարող ես դեպի ապագա գնալ», – ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ կարող է զբաղվել նոր տեխնոլոգիաներով։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում ապրում են մեծ թվով հայ գիտնականներ, գործարարներ, որոնք կարող են նպաստել փոխգործակցության նման ձևաչափի ձևավորմանը։
«Կուզենայի, որ այս բոլոր ձախորդություններից, ծանր կորուստներից հետո, այնուամենայնիվ, կարողանանք կառուցել երկիրը», - եզրափակել է Սարգսյանը։