Մենք շատ մոտ ենք համայնքների խոշորացման գործընթացի ավարտին եւ մյուս տարվա սուբվենցիոն ծրագրերի մեջ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել փոքր համայնքները, որտեղ այս տարիների ընթացքում փոքր բյուջեի հանգամանքի բերումով աշխատանքներ չեն իրականացվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոշորացված համայնքների ղեկավարներին պետք է քաջալերենք, որ նրանք հենց այս ուղղությամբ մտածեն: Ընդ որում, կարող ենք մենք այդ հատվածում համաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություն իրականացնել, դրանով խթանել, որ 2022-ին, այդ համայնքներում շինարարության մեխանիզմը շարժվի: Մենք սուբվենցիոն ծրագրերում կավելացնենք նաեւ հեռագնա արոտների ճանապարհների կառուցման հարցը: Դուք գիտեք, որ ՀՀ-ում շատ է խոսվում, որ անասնապահության ոլորտում խնդիրներից մեկը կերի խնդիրն է, բայց վիճակագրությունը մեզ ցույց է տալիս, որ ՀՀ-ում առկա արոտավայրերի գերակշիռ մասն ուղղակի չի օգտագործվում: Մոտ 70-80 տոկոսը չի օգտագործվում: Հիմնական պատճառը ենթակառուցվածքների, ճանապարհների բացակայությունն է: Մենք պետք է այս ճանապարհների հարցը լուծենք: Այդտեղ պետք է գրունտային, բայց ժամանակակից պայմաններին ապահովող ճանապարհներ ունենալ»,-ասաց վարչապետը: