Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իր գործընկերոջ՝ Սերգեյ Սվետլակովի հետ հեռացել են ռուսական Առաջին ալիքի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումից՝ TNT-ի հետ կնքած պայմանագրի պատճառով: Այս մասին Գարիկ Մարտիրոսյանը պատմել է «Կովալսկի» YouTube–յան ալիքին։
Մարտիրոսյանի խոսքով՝ TNT-ն սկզբում դեմ չի եղել, որ ինքն ու Սվետլակովը վարեն «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը, բայց մի քանի տարի անց հեռուստաալիքի ղեկավարությունը արգելել է նրանց շարունակել:
«Ինչ-որ պահի TNT-ում ասացին․ «Տղաներ մենք ձեզ արգելում ենք շարունակել»», - հիշում է Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը նշել է, որ TNT-ն իրավունք ուներ նման պայման ներկայացնելու, քանի որ իրենց հետ երկարամյա պայմանագիր էր կնքել: Եթե Մարտիրոսյանն ու Սվետլակովը մնային Առաջին ալիքում, ապա ստիպված կլինեին հրաժարվել TNT-ի բոլոր հայտնի նախագծերից:
Հիշեցնենք` «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումն Առաջին ալիքով հեռարձակվում էր 2008-2012 թվականներին։ Այն վարում էին Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն։ Նախագիծը եթեր է դուրս եկել նաև 2017 թվականի մարտից մինչև դեկտեմբեր։