ԱՄՆ բանակում աշխատած թարգմանիչ Աման Խալիլին և նրա ընտանիքը տարհանվել են Աֆղանստանից: Նրանք տեղափոխվել են Պակիստան, այնուհետեւ մեկ այլ ապահով երկիր, հաղորդում է ABC News-ը:
2008 թվականին Խալիլին օգնել է փրկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Դելավեր նահանգից սենատորի պաշտոնը: Բայդենն ու երկու այլ սենատորներ այցով ժամանել էին Աֆղանստան: Նրանց ուղղաթիռը հայտնվել էր ձնաբքի մեջ և վթարային վայրէջք կատարել: Մի քանի հոգի, այդ թվում՝ Խալիլին, ուղևորվել էին օգնության: Նրանց ջանքերի շնորհիվ սենատորներին հաջողվել էր դուրս բերել վտանգավոր տարածքից:
2021 թվականի օգոստոսին, երբ ամերիկյան զինվորականները սկսել էին Աֆղանստանից տարհանել իրենց զինվորներին և նրանց օգնող քաղաքացիներին, Խալիլին չէր կարողացել ստանալ հատուկ ներգաղթի վիզա: Դրանից հետո նա մի քանի ամերիկյան լրատվամիջոցների միջոցով դիմել էր Բայդենին և խնդրել նախագահին իրեն երկրից դուրս հանել: «Փրկեք ինձ և իմ ընտանիքը: Մի մոռացեք ինձ այստեղ»,- գրել է թարգմանիչը:
Human First Coalition կազմակերպությունը, որը «ռիսկային խմբից» տարհանել էր Խալիլիին և մոտ երկու հարյուր աֆղանցիների, շնորհակալություն էր հայտնել Պակիստանի վարչապետ Իմրան Խանին և ԱՄՆ Պետդեպարտամենտի մի քանի պաշտոնյաների՝ օգնության համար: