Ամեն օր գետնանուշ ուտելը նպաստում է ճանաչողական գործառույթների զարգացմանը և ուժեղացնում սթրեսադիմացկունությունը: Նման եզրահանգման են եկել իսպանացի գիտնականները, որոնց հետազոտությունների վերաբերյալ հոդվածը հրապարակել է Clinical Nutrition ամսագիրը:
Բարսելոնայի և Մադրիդի համալսարանների փորձագետներն ուսումնասիրել են մարդու գլխուղեղի գործունեության վրա այս հատիկաընդեղեն բույսի պտուղների ազդեցությունը, որը պարունակում է այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ճարպաթթուները, սպիտակուցները, մանրաթելերը, պոլիֆենոլը: Փորձին մասնակցող 19-33 տարեկան 63 երիտասարդներ ամեն օր գետնանուշ են կերել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գետնանուշ ուտելու դեպքում մարդու գլխուղեղի գործունեությունը, ինչպես նաև արձագանքը սթրեսին՝ բարելավվում է: Ըստ գիտնականների, դա պայմանավորված է գետնանուշում պարունակվող ռեսվերատրոլի և p-coumaric թթվի, ինչպես նաև կարճ շղթայով ճարպաթթուների և երկար շղթայով հագեցած ճարպաթթուների ազդեցությամբ:
Այսպիսով, գետնանուշի օգնությամբ հնարավոր է բարելավել մարդու հոգեվիճակը՝ պայքարելով ընկճախտի դեմ: