Ռուսական արվեստի թանգարանը, որն իր առաքելություններից է համարում ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելը, իր հարկի տակ է հյուրընկալել 20-րդ դարի հանրահայտ նկարչուհի Լյուբով Պոպովայի երկու անհայտ գործ՝ Վարդան Ասծատրյանի հավաքածուից։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված «Լյուբով Պոպովա. ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին:
Վարդան Ասծատրյանը, որը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է, ասաց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գորգերից զատ Արցախից տարհանել են 50-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ:
«Շատ էի ցանկանում Շուշիում կազմակերպել իմ հավաքածուի գործերի ցուցադրությունը, որը կկրեր «Հայտնի նկարիչների անհայտ աշխատանքները» խորագիրը: Աշխարհում շատ հզոր աշխատանքներ կան, որոնք արվեստասերներից շատերին ծանոթ չեն. մարդիկ իրավունք ունեն տեսնել դրանք»,- ընդգծեց հավաքորդը: