Վերահաստատում եմ երեկվա իմ հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով իմ հրապարակած անհերքելի փաստերը:
Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:
Երեկ մենք որոշեցինք հրապարակել ոչ բոլորը, բայց այսօրվա ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց եմ հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երեկ՝ ժամը 22:30-ի սահմաներում:
Այնպես որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:
Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»,- գրել է նա։