Կանադայի Կանանց և գենդերային հավասարության հարցերով դաշնային նախարար Մարյամ Մոնսեֆը ենթարկվել է քննադատության այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսում աֆղանական «Թալիբան» արմատական շարժման անդամներին անվանել է «մեր եղբայրներ»: Այս մասին հաղորդում է CTV News-ը:
Բացատրելով իր խոսքերը՝ նախարարը, որը ծնվել է Իրանում և մեծացել Աֆղանստանում, ընդգծել է, որ իր արտահայտությունը սոսկ «մշակութային կողմնորոշիչ» է:
Սկանդալային արտահայտությունը նա հնչեցրել է, երբ որոշել է անձամբ դիմել աֆղանական շարժման առաջնորդներին:
«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից, որպեսզի խոսեմ մեր եղբայրների՝ թալիբների հետ: Մենք ձեզ կոչ ենք անում ապահովել ցանկացած մարդու անվտանգ և ապահով ելքը Աֆղանստանից, անհապաղ դադարեցնել բռնությունը, ցեղասպանությունը, կանանց սպանությունները, ենթակառուցվածքների ոչնչացումը, այդ թվում՝ պատմական շենքերի»,- հայտարարել է նախարարը: