Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսաժողով կանցկացնեն՝ քննարկելու Աֆղանստանում իշխանափոխության հետ կապված իրավիճակը: Ինչպես հայտնեւմ է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը:
«Իհարկե, այժմ ամենահրատապ խնդիրներից մեկը անվտանգության խնդիրն է, հատկապես այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք այժմ զարգանում են Աֆղանստանում: Երկուշաբթի, հույս ունեմ, մենք կհավաքվենք ՀԱՊԿ շրջանակներում տեսակոնֆերանսի միջոցով, մենք պարզապես կհամաժամացնենք մեր ժամացույցները», - ասել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բանակցել թալիբների հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին վեց օրվա ընթացքում Մեծ Բրիտանիան տարհանել է 6115 մարդու, այդ թվում՝ 399 բրիտանացու, դեսպանատան 320 աշխատակցի և Աֆղանստանի 402 քաղաքացու:
Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Նրանք վերահսկողության տակ են վերցրել Քաբուլում գտնվող պետական հեռուստատեսությունը և քաղաքացիներին խաղաղության կոչ արել: