Հոլիվուդյան հայտնի դերասանուհին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին Instagram-ում հաշիվ է բացել և խոստացել պատմել աֆղանացիների պատմությունները՝ այս երկրում տիրող իրավիճակի ֆոնին:
Իր առաջին հրապարակման մեջ Ջոլին տեղադրել է աֆղան դեռահաս աղջկա նամակը, որում նա խոսում է արմատական «Թալիբանի» իշխանության գալու հետ կապված իրավիճակի փոփոխության մասին: Աղջկա պատմության համաձայն՝ աֆղանացիները նախկինում նորմալ կյանքով էին ապրում, սակայն այժմ նրանք «վախենում են բոլորից» եւ կարծում են, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են:
«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնադրսևորվելու կարողությունը: Հետևաբար, ես եկա Instagram, որպեսզի կիսվեմ նրանց պատմություններով և այն մարդկանց ձայնով, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար», - գրել է դերասանուհին հրապարակման նկարագրության մեջ:
Թալիբները օգոստոսի 15-ին հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Դրանից հետո հազարավոր մարդիկ ապաստանել են օդանավակայանում ՝ փորձելով հեռանալ երկրից: