Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (РФПИ) հայտնել է, որ AstraZeneca և Sputnik Light պատվաստանյութերի համադրությունը բարձր իմունիտետի արդյունք է տվել Ադրբեջանում կատարված հետազոտությունների ընթացքում:
Ադրբեջանում հետազոտությունները սկսվել են այս տարվա փետրվարին, պատվաստվել է 64 կամավոր, կլինիկական փորձարկման համար հավաքագրումը շարունակվում է:
«Ուսումնասիրությունների առաջին 20 մասնակիցների դիտարկումից ստացված նախնական տվյալների համաձայն՝ կամավորների 100%-ի մոտ հակամարմիններ են առաջացել SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցի (S-protein) նկատմամբ»,- ասված է РФПИ-ի կայքում:
Բացի այդ, միջանկյալ վերլուծությունը նախկինում ցույց էր տալիս պատվաստանյութերի համակցված օգտագործման անվտանգության բարձր ցուցանիշներ. չեն հայտնաբերվել լուրջ առողջական բարդություններ, ինչպես նաև պատվաստումից հետո կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է COVID-19- ի դեմ պատվաստանյութը: Դեղը մշակվել է Գամալեյայի անվան ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և ստացել է «Sputnik V» անվանումը: Հետագայում գրանցվել են «EpiVacCorona», «KoviVac» և «Sputnik Light» պատվաստանյութերը: