Աֆղանստանում աշխատող իտալական Pangea հումանիտար կազմակերպության նախագահ Լուկա Լո Պրեստին հաղորդել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները մոտեցել են Քաբուլին և հոսանքազրկել քաղաքը: ՆԱՏՕ-ի խորհուրդն արտակարգ նիստ է անցկացնում Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով:
«Մենք շատ հուզվում ենք, որովհետև թալիբները գտնվում են Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա: Այսօր առավոտյան նրանք լույսի մալուխները կտրել են, քաղաքը գրեթե հայտնվել է մեկուսացման մեջ»,- ասել է Լո Պրեստին:
Նրա խոսքով, Աֆղանստանի մայրաքաղաքում այժմ գտնվում են կազմակերպության 22 աշխատակիցներ: Նրանք աֆղան կանայք են, ովքեր օգնում են տեղի բնակիչներին: Նրանք այժմ չեն կարող լիցքավորել հեռախոսները: Կազմակերպությունը հնարավորություն է փնտրում ապահովելու անձնակազմի անվտանգությունը: Վերջին անգամ, երբ աշխատակիցները կապ են հաստատել, նրանք հայտնել են աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը:
Լո Պրեստին չի կասկածում, որ գրոհայիններին կհաջողվի գրավել Քաբուլը: «Աշխարհը թաքնվում է ռազմական պարտության խայտառակության հետևում»,- ասել է նա: