Թունիսի անվտանգության ուժերը գրոհով գրավել են կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության գրասենյակը: Այս մասին հաղորդել է հեռուստաալիքը Twitter-ի իր էջում:
«Թունիսի անվտանգության ուժերը գրոհում են մեր գրասենյակն ու այնտեղից վտարում բոլոր գործընկեր լրագրողներին: Մենք նախնական ծանուցում չենք ստացել անվտանգության ուժերի կողմից մեր գրասենյակի փակման մասին»,- հեռուստաալիքը մեջբերել է թունիսյան ներկայացուցչության տնօրեն Լոտֆի Հաջիի խոսքերը:
Նա նշել է, որ անվտանգության մարմինների ներկայացուցիչները հեռուստաալիքի աշխատակիցներին խնդրել են «անջատել հեռախոսներն ու համակարգիչները և էլեկտրասնուցումը»: Հեռուստաալիքը պնդում է, որ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները համապատասխան համազգեստ հագած չեն եղել և հայտարարել են, որ իրենք «հրահանգ են կատարում»: Թունիսի իշխանությունների կողմից այս որոշման պատճառները դեռ չեն ներկայացվել: