Թունիսի նախագահ Կաիս Սաիդը հայտարարել է վարչապետ Հիշամ Մաշիշիի հրաժարականի մասին: Բողոքի ցույցերի պատճառով դադարեցվել է նաև Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի՝ միապալատ խորհրդարանի աշխատանքը, հաղորդում է Alarabiya գործակալությունը:
Բացի դրանից՝ պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից:
Պետության ղեկավարը հայտարարել է, որ այժմ ինքն է գլխավորելու Թունիսի կառավարությունը:
Թունիսի խորհրդարանի խոսնակ, «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Ռաշիդ Գանուշին կարծում է, որ Սաիդը պետական հեղաշրջման փորձի մասնակից է:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Թունիսի մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոցները՝ պահանջելով արձակել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ: Իշխող «Վերածնունդ» կուսակցության (իշխում է 2011 թվականից սկսած) վարած քաղաքականությունից դժգոհ՝ ցույցի մասնակիցները պահանջել են սոցիալական և տնտեսական բարեփոխումներ անցկացնել: