Եվրամիության սահմանապահ գործակալության Frontex-ը հաջորդ շաբաթ 60 սահմանապահներ է գործուղելու՝ Լիտվայի և Բելառուսի սահմանին պարեկելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Frontex-ի գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեդջերին, որն այցելել էր Լիտվա:
Frontex-ը առաջին անգամ է տեղակայվում ԵՄ պետություններից մեկի սահմանին 2020 թ․ մարտից հետո, երբ գործակալությունը պարեկություն էր անցկացնում Հունաստանի և Թուրքիայի սահմանին։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Լիտվայի իշխանությունները դիմել են շտապ օգնության խնդրանքով՝ կապված վերջին շաբաթների ընթացքում բելառուսա-լիտվական սահմանը հատող աֆրիկյան և ասիական երկրներից միգրանտների թվի կտրուկ աճով: Ճնշող մեծամասնությունը սահմանն անցնում է առանց անհրաժեշտ փաստաթղթերի և ոչ անցակետերով: Տարեսկզբից այս տարբերակով ավելի քան 2 հազար մարդ արդեն մուտք է գործել Լիտվա, որից 1400-ը՝ հուլիսին:
«Մենք աննախադեպ բանի առաջ ենք կանգնած», - ասել է Լեդջերին Վիլնյուսում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Պատմության մեջ առաջին անգամ Frontex-ը նման գործողություն է իրականացնելու Եվրամիության այս տարածաշրջանում»: Ստեղծված իրավիճակի համար պաշտոնյան մեղադրել է Բելառուսի իշխանություններին: Նրա կարծիքով՝ նրանք միգրանտներին օգտագործում են որպես ԵՄ-ի վրա ճնշման լծակ:
Պաշտոնական Մինսկը չի թաքցնում, որ բելառուսական սահմանապահները չեն միջամտում այն անձանց, ովքեր փորձում են մուտք գործել Լիտվայի տարածք: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ եթե ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բելառուսի դեմ, նա իրավունք չի ունենա նրանից պահանջել պաշտպանել իր շահերը: