Ադրբեջանից եկող գետերի ջրի որակը պետք է թունաբանական մոնիթորինգի ենթարկվի. Գաբրիելյան
copy image url

Ադրբեջանից եկող գետերի ջրի որակը պետք է թունաբանական մոնիթորինգի ենթարկվի. Գաբրիելյան

Ներքին 3 տարի առաջ - 15:40 12-07-2021

Գետերի որոշ ակունքներ մնացել են թշնամու տարածքում, և այնտեղից եկող ջուրը պետք է անպայմանորեն մոնիթորինգի ենթարկվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

«Ճիշտ է, շատ չեն ադրբեջանական կողմում մնացած ակունքների քանակը, սակայն քայլեր պետք է իրականացվեն։ Օրինակ, Արփայի որոշ վտակներ հիմա ադրբեջանական կողմում են մնացել։ Պետք է հսկողություն սահմանվի, և ամեն ինչին պետք է պատրաստ լինենք։ Անտեսել ու ասել, թե այսօր վտանգ չկա, վաղն էլ չի լինի, չի կարելի»,–ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով` ինքն առաջարկել էր, որ այդպիսի գետերում հսկողություն սահմանվի և ֆիզիկաքիմիական, կենսաբանական, թունաբանական մոնիթորինգ իրականացվի։ Նա նշեց, որ, օրինակ, Արփայի դեպքում բարեբախտաբար ջուրը միանգամից չի հասնում և լցվում Սևանա լիճ, այլ նաև Կեչուտի ջրամբար է լցվում։

Մասնագետը նշում է` մենք հնարավորություն ունենք միանգամից փակել Արփայից եկող ջրի մուտքը Սևան, ինչի համար էլ պետք է հսկողություն իրականացվի։

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմը մեծ քանակությամն տեխնիկա է կուտակել Թարթառ գետի տարածքում։ Ըստ լուրերի` Ադրբեջանը պատրաստվում է փոխել Թարթառի հունը։