Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքնում հաղթել է Էբրահիմ Ռայիսին, որի ընտրությունը, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, ուժեղացնելու է Իրանի դիրքերը նախ և առաջ ներքաղաքական կյանքում և դրանից բխող արտաքին քաղաքական գործընթացներում:
Նա նշեց, որ թեպետ Իրանում առաջնային դերակատարում ունի երկրի հոգևոր առաջնորդը, բայց, այսուհանդերձ, նախագահական ընտրությունները չափազանց կարևոր են:
«Այս իմաստով պահպանողական նախագահի ընտրությունն ամբողջականացրեց Իրանի քաղաքական համակարգի բոլոր թևերի ներդաշնակությունը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Նրա փաստմամբ՝ Իրանն ունի թե՛ պահպանողական նախագահ, և թե՛ պահպանողական խորհրդարան, ինչը ցույց է տալիս, որ Իրանի ներսում քաղաքական հակասություններ խոշոր հաշվով չեն լինելու:
«Իրանը միասնական և նպատակասլաց կերպով ընթանալու է դեպի իր ազգային շահերի իրացում Մերձավոր Արևելքում և աշխարհում»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Ներկայացնելով արդեն ընտրված նախագահի անձը՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Էբրահիմ Ռայիսին Իրանում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և կկարողանա բարձր արդյունավետությամբ իրագործել գործադիր իշխանության որոշումները:
Իրանագետը մի հետաքրքրական փաստ էլ նշեց առ այն, որ, ըստ էության վերջին տասնամայակի ընթացքում նա Իրանի առաջին նախագահն է, որը սերում է Խորասանից և այս իմաստով մենք ունենք էթնիկական առումով պարսիկ նախագահ:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ նորընտիր նախագահն իր վերջին ելույթում հատուկ շեշտադրում է կատարել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա, իսկ այդ հարաբերությունների համատեքստում Իրանի համար 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի է կարևորվել Հարավային Կովկասն ընդհանրապես և Հայաստանը՝ մասնավորապես:
Մասնագետն այս ուղղությամբ զգալի ակտիվություն է կանխատեսում:
«Իրանական կողմը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում, անկախ իշխանությունների փոփոխությունից, ունենա ներկայություն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է, բացի դրանից՝ մարտահրավերներին դիմակայլու հարցում կա համագործակցության հնարավորությունների լայն դաշտ»,-ասաց Վարդան Ոսկանյանը տարակուսանք հայտնելով՝թե արդյո՞ք ներկա իշխանությունները կկարողանան օգտվել ստեղծված հնարավորություններից: