Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:
Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,6 տարի 26 ամիս ժամկետով ազատազրկումը:
Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Առեւանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ Կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն, հետագայում նիստերին չէր ներկայացել։ Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը:
Քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի համաձայն՝ դատարանը գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Ըստ այդմ՝ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։