Անձնական տվյալի տարածումը համացանցում կարող է անդառնալի հետևանք ունենալ նախկին ռազմագերիների վերասոցիալականացման համար. Շուշան Դոյդոյան
copy image url

Անձնական տվյալի տարածումը համացանցում կարող է անդառնալի հետևանք ունենալ նախկին ռազմագերիների վերասոցիալականացման համար. Շուշան Դոյդոյան

Խոսք 3 տարի առաջ - 16:50 14-06-2021

Հունիսի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում ռազմագերիների վերադարձման հետ կապված գրառում էր կատարել. «Մեր 15 եղբայրները վերադառնում են»՝ հրապարակելով վերջիններիս լուսանկարները, անուն-ազգանունները և բնակավայրերը: Փաշինյանի գրառումից հետո ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից հրապարակեցին նույն տվյալները, համացանցում հայտնվեցին նույնիսկ գերիների հետ հարազատների մասնավոր հանդիպումներ:

Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհուրդի քարտուղար Շուշան Դոյդոյանի հետ, որը հաստատեց, որ անձնական տվյալի մշակումը կամ օգտագործումը կարելի է միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքում կամ եթե առկա է անձի համաձայնությունը։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ առանց անձի համաձայնության անձնական տվյալների օգտագործմամբ լրատվություն կարելի է տարածել այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։

«Պատերազմի ընթացքում գերևարված, անհետ կորած ու զոհված անձանց վերաբերյալ տարբեր հարթակներում՝ ներառյալ համացանցում, հրապարակվում են բազմաթիվ լրատվական նյութեր, որտեղ պարբերաբար ներկայացվում են վերջիններիս անձնական տվյալները, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսապատկերներ։ Թեև պատերազմի մասին լրատվությունը հասարակական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, և հանրությունն ունի դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու լեգիտիմ պահանջ, զինված հակամարտության մասնակցի, մասնավորապես, ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը ԶԼՄ-ների կողմից չպետք է հանգեցնի անձի արժանապատվության ոտնահարմանը և անձնական կյանքի գաղտնիության խախտմանը»,- նշեց Շուշան Դոյդոյանը և հավելեց, որ դիտարկումները ցույց են տալիս, որ ռազմագերիների մասին լրատվական նյութերը հաճախ տարածվում են նրանց անձնական տվյալների ու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի անտեսմամբ։

Մասնագետի խոսքով, թեև գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, ներկայացնում է հանրային մեծ հետաքրքրություն, դա չի նշանակում, որ լրագրողները ստանում են անվերապահ հնարավորություն օգտագործել ներկայում կամ նախկինում ռազմագերու կարգավիճակ ունեցող անձի լուսանկարները, տեսապատկերները, որոնք տարածվել են այլոց կողմից հանրամատչելի աղբյուրներում՝ հիմնականում բջջային հավելվածներում կամ սոցիալական ցանցերում։ Նույնիսկ եթե նման բովանդակության տարածմամբ կամ վերարտադրմամբ լրագրողը հետապնդում է կոնկրետ հանրային շահ, որևէ մեկի անձնական տվյալն օգտագործելիս բոլոր դեպքերում պետք է ունենալ անձի համաձայնությունը, իսկ դրա ստացման անհնարինության դեպքում անձնական տվյալի տարածումը կարող է արդարացված լինել միայն հանրային շահից բխող անհրաժեշտությամբ՝ ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի։

«Որոշ ռազմագերիների մասին հրապարակումներում այս մոտեցումները պահպանվում են, երբ լրատվամիջոցներն, օրինակ, նրանց վերաբերյալ հրապարակումներում նրանց դեմքերը շղարշում են։ Սակայն, անընդունելի է, երբ որոշ լրատվական նյութերում նախկին ռազմագերիները կամ գերու կարգավիճակում պահված քաղաքացիական անձինք անգամ հայրենադարձվելուց հետո շարունակում են պատկերվել Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում տարածված լուսանկարներով կամ նույնիսկ տեսանյութերով, որոնցում անձը երևում է խոցելի, ընկճված վիճակում, երբ նա գտնվում էր փաստացի գերության մեջ՝ թշնամական միջավայրում։ Լրատվության նման եղանակն անթույլատրելի է, քանի որ խախտում է անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա ու նրա հարազատների հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ Նշեմ նաև, որ հաճախ անձնական տվյալների օգտագործումը, այդ թվում՝ անունը, ազգանունը և բնակավայրը, պայմանավորված չէ հանրային հրատապ անհրաժեշտությամբ: Միաժամանակ, եթե որևէ անձնական տվյալ հեշտությամբ հասանելի է հանրային տիրույթում, դա դեռ չի նշանակում, որ այն կարելի է անվերապահորեն օգտագործել լրատվական նյութերում։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է ցանկացած տեղեկություն, որով ուղղակի կամ անուղղակի նույնականացվում է անձը»,- ասում է Շուշան Դոյդոյանը։

Նա հավելեց, որ լրատվամիջոցներում և համացանցում տարածված ռազմագերիների պատկերով տեսանյութերն ու լուսանկարները կարող են առանց սահմանափակումների անորոշ ժամկետով մատչելի մնալ։ Անձնական տվյալների ամբողջական դուրս բերումը համացանցից գրեթե անհնարին է՝ հատկապես հաշվի առնելով, որ մոռացված լինելու իրավունքն առայժմ որոշակիորեն կարգավորված է միայն ԵՄ անդամ պետություններում, այն էլ միայն Google.com որոնողական համակարգի առնչությամբ։ Նման պայմաններում անձնական տվյալի տարածումը համացանցում կարող է անդառնալի հետևանք ունենալ նախկին ռազմագերիների վերասոցիալականացման համար, և յուրաքանչուր հրապարակում կարող է հանգեցնել կրկնակի զոհականացման ինչպես նրանց, այնպես էլ նրանց հարազատների համար։

Ամենից շատ դիտված