«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ դատարանը որոշում է կայացրել հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի իրականացման վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ «Հայաստան» դաշինքի կողմից հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքն ավարտելու է ժամը 21: 00-ին:
Նա պարզաբանել է, որ մայիսի 19-ին դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար։ Եվ թեև իրենք ավելի շուտ են դիմել, բայց քաղաքապետարանը հանրահավաք անցկացնելու իրավունք է տվել նաև Քաղաքացիական պայմանագրին՝ նշելով, որ 20։00-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքն ավարտված կլինի։
«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»,- եզրափակել է Վարդևանյանը: