Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում․ Հովհաննես Մովսիսյան
copy image url

Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում․ Հովհաննես Մովսիսյան

Ներքին 3 տարի առաջ - 21:05 12-06-2021

Առաջին ալիքի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:

Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:

Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»։