ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ընտրախախտումների մասին, ասաց, որ իրենք տարբեր էսքիզներ են ստացել պաստառների, որոնք համարվում են ասոցացվող նախընտրական քարոզչության հետ:
«Բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանելու»,-նշեց Մուկուչյանը՝ անդարադառնալով «Հայաստան» դաշինքի վարաչպետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը հեռացնելու որոշմանը։
«Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի» պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կար Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը, Տիգրան Արզաքանցյանի պաստառներում կային: Հնարավոր է լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում միանշանակ դառնալու են քննարկման առարկա: Կա պաստառների որակի խմբաքանակ, որը բաշխվում է կուսակցությունների, դաշինքների միջեւ վիճակահանությամբ: Դրա նպատակն է հավասար մոտեցում ապահովել բոլոր թեկնածուների նկատմամբ: Այս քարոզարշավի ընթացքում մենք նկատեցինք, որ նման պաստառներ սկսեցին հայտնվել շատ ավելի շուտ, քան քարոզարշավը՝ հունիսի 7-ից շուտ»,-ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով` բնավ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, դրանք նախընտրական քարոզչության ժամանակ պետք է հեռացվեն։
Խոսելով ընտրությունների ժամանակ ծախսվող գումարների մասին, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվել է 460 միլիոն դրամ:
«Մեզ հատկացվող գումարի հիմնական մասը`80 տոկոսը, ծախսվում է որպես աշխատավարձ` տեղամասային հանձնաժողովների անդամների և մյուսների։ Բացի այդ, մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու»,–ասաց Մուկուչյանը։