Տելեգրամյան ալիքներով օրեր առաջ տարածվել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին տվյալ պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։ Այս պատմությունը բացահայտվել էր, երբ անհայտ կորած զինծառայողների հարազատները, չվստահելով իշխանության թվերին, որոշել էին իրենք մտնել դիահերձարաններ ու հաշվել այնտեղ պահվող մարմիններն ու մասունքները։ Արդյունքում Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու երկու աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, իսկ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ է նկատողություն ստացել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Տվյալ իրադարձությանը հանրությունը բավականին բուռն արձագանքեց՝ իրավացիորեն պահանջելով Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:
Այսօր՝ հունիսի 3-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին, նշել է. «Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Կան մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց հարազատներից ոմանք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով, ուստի՝ կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է նաև ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ հարցը բավականին զգայուն է: «Բերեք դա չանվանենք պետության վերաբերմունք: Չի կարելի նման բան ասել: Եկեք հնարավորություն տանք, որ լիազոր մարմինները մանրամասն ճշտեն պատճառները, հանգամանքները: Ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի»,- ասել է Գրիգորյանը միևնույն ժամանակ նշելով, որ դա արարքն անընդունելի է:
Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում կատարվածին, երբ պոլիէթիլենային տոպրակների մեջ հակասանիտարական պայմաններում պահվում էին նահատակված զինվորների մասունքները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում, ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառանարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարա՞ն եք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ՝ սեփական պետության նկատմամբ»։
Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ իրեն թվում էր, որ այլևս զարմանալու և ընդհանրապես՝ լացելու ունակություն չունի, բայց դիահերձարանում պարկերում պահվող զոհված զինծառայողների այդ նկարները տեսնելուց հետո արյունը կարծես սառեց երակներում: «Լավ, մա՞րդ են դրանք: Մարդկային որևէ բան կա՞, մի միլիմետր մարդկային որակ կա՞ դրանց մեջ: Ոնց կարելի է հայրենիքի համար զոհված... նրանք բոլորը հերոս տղաներ են, անկախ նրանից՝ հերոսություն արել են, չեն արել, իրենք իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, տվել են այս երկրին, իսկ էս անասունները բերել են լցրել են այդ մարդկանց սառնարան: Բա որ սատանա չեն սրանք, բա ի՞նչ են»,- վրդովված հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փաստել է, որ անգամ զոհված զինծառայողների դիերի ճանաչման և պահման խնդիրը կառավարության վերահսկողությունից դուրս է: «Ձեր նշանակած այդ ո՞ր մի ծառայողական քննությամբ է պաշտոնյան պատասխան տվել, որ երեկվա դեպքով պատասխան տա: Հունիսի 20-ը հիրավի ձեր դատի օրն է», - գրել է Մարուքյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի արձագանքը նույնպես խստագույնս դատապարտեց կատարվածը՝ ընդգծելով, որ այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած հայ ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները: «Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության»,- հայտարարել էին հոգևոր առաջնորդները։
«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշել է. «Բիշարյանը և երեք հոգին չպիտի նկատողություն ստանային, չպիտի ազատվեին, այլ առողջապահության նախարարը, առողջապահության նախկին նախարարը պետք է դատվեն այ էս հանցագործության համար, ուղղակիորեն»: Պատգամավորը կարծում է՝ զոհված զինծառայողների մարմինների հետ այս կերպ վարվելը ամենաթողության հետևանքն է, որի համար պետք է անպայման պատասխանատվություն կրողներ լինեն։ Ամիսներ շարունակ, ասում է, զբաղվում է այս հարցերով, սառնարան չունեցող Կապանի դիահերձարանից մարմինների տեղափոխություն է կազմակերպել՝ բազմաթիվ օղակներում տեսել անպատասխանատվություն։
Անկախ պատգամավորը Թագուհի Թովմասյանի խոսքով, զինվորականներն իրենց կյանքի գնով են դիակներին դուրս բերել մարտի դաշտից, իսկ հիմա նրանք ոչ պատշաճ պայմաններում են պահվում: «Ընդհանրապես դիերը մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ, այս մարդիկ կյանք են զոհել, վիրավորվել են, իրենց ընկերներին զոհաբերել, նույնիսկ ընկերոջ դիակը հանել են, որ հանկարծ չմնա, չպղծվի թշնամու կողմից, բայց հիմա ստացվում է, որ մենք մազապուրծ ենք արել ու բերել ենք այդ դիակները պատերազմի դաշտից, բայց այնպես ենք վարվում, որ մարդիկ երբևէ այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ»,- ասել է անկախ պատգամավորը և ընդգծեց՝ սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ, և ուղղակի ներողություն խնդրելը բավարար չէ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարեց, որ Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ ոչ թե ընդամենը մեր զոհվածների մարմինները կամ մասունքներն էին թափթփված, այլ մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվը: