Եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ին ընդուներ Ռուսաստանի առաջարկը, մենք 2.000-ով պակաս զոհ կունենայինք. Միքայել Համբարձումյան
copy image url

Եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ին ընդուներ Ռուսաստանի առաջարկը, մենք 2.000-ով պակաս զոհ կունենայինք. Միքայել Համբարձումյան

Ներքին 3 տարի առաջ - 11:39 03-06-2021

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նշել է, որ պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ժամը մեկ վարչապետին զեկուցել է ռազմաճակատային իրադրության օբյեկտիվ և լիարժեք պատկերը, սակայն երկրի ղեկավարն իրավիճակից բխող որոշումներ չի կայացրել. «Եթե տեսնում էինք, որ պարտվում ենք, որևէ մեկը մեզ չէր աջակցում անգամ քաղաքականապես, ո՞ւմ վրա էինք հույս դնում, ինչո՞ւ էինք օր օրի խորացնում մեր կորուստները, ամեն օրը նոր զոհեր էր բերում, խուճապ էր սկսվել»:

Պահեստազորի գնդապետի խոսքով, մենք չենք ունեցել մի իրավիճակ, որը հաջողություն էր խոստանում, մեր վիճակն օրեցօր վատթարանում էր։ «Եթե վարչապետը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն ընտրություններից հետո ձևավորվելիք օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը կասի՝ ո՞րն էր պատերազմը չդադարեցնելու պատճառը։ Եթե մենք խոսում ենք միտումնավորության մասին, դա պետական դավաճանություն է։ Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով»,- ասում է Մ. Համբարձումյանը:

Ըստ Համբարձումյանի՝ վարչապետին և իր մերձավորներին չհաջողվեց քաղաքացիական կյանքը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, անել այնպես, որ պետությունը գործի միայն ռազմաճակատի համար. «Ասում էին՝ Շուշին հանձնվել է, քանի որ Ծառուկյանի կամ Վանեցյանի ջոկատները չեն կռվել։ Իսկ հյուսիսում կռվող 30 հազար զորքն ինչո՞ւ չտեղակայվեց այդ ուղղությամբ։ Չէ՞ որ քաղաքացիական անձանց մարտադաշտ նետելով՝ չես կարող հաղթել։ Գյուղապետերի կազմած ջոկատները չէին կարող բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Կան հարցեր, որոնց պետք է պատասխանի միայն Օնիկ Գասպարյանը, նա է պատասխանատվություն կրում շատ բաների համար»:

Սպայի կարծիքով, պատերազմի պատասխանատուն բանակն է, գեներալները պետք է ասեն՝ ինչո՞ւ մենք պարտվեցինք. «Վաղ թե ուշ՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար։ Եթե նույնիսկ հանրային հարցուպատասխանից խուսափում են, քննչական մարմիններին ստիպված կլինեն պատասխանել։ Մարդիկ Երևանից տարվում էին մարտադաշտ, անտերության էին մատնվում, նրանց դիմավորող չկար։ Պետք է վերլուծել այս պատերազմի յուրաքանչյուր օրը։ Անկումը շարունակական է եղել, սպասումն անպտուղ էր, ակնհայտ էր, որ գնում ենք պարտության։ Մենք վարչապետին չենք զեկուցել, թե լավ է լինելու, լավատեսության հույս կա»:

ԱԱԾ նախկին պաշտոնակատարի պնդմամբ՝ սեպտեմբերի 30-ից ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք: Այդ օրվա նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ուղարկվեց Ստեփանակերտ: «Աբսուրդ է, երբ վարչապետն անվանարկում է գեներալներին, որոնց հերոսի կոչումներ է տվել, ամբողջ արժեհամակարգը կործանվում է։ Եթե Օնիկ Գասպարյանն ասում է, որ ինքը հորդորել է կանգնեցնել պատերազմը, ուրեմն այդպես է եղել, ի՞նչ իմաստ ունի ստելը»,- ամփոփել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր:

Մանրամասները՝ տեսանյութում: