Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար
copy image url

Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար

Ներքին 3 տարի առաջ - 09:38 02-06-2021

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդվածով, որում անդրադարձել է 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժետությանը:

Ներկայացնում է Տիգրան Ավինյանի հոդվածը.

Արհեստական բանականության կարևորությունը 21-րդ դարում

Արհեստական բանականությունը (ԱԲ) 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից է և ամբողջ թափով ընթացող Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Սահմանումներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային համակարգ է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն և կարողություններ պահանջող խնդիրներ: Այն արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և շուտով ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը:

Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ՝ առողջապահությունից մինչև ռազմական գործ: Օրինակ՝ ԱԲ գործիքի շնորհիվ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ճշգրտության 90% արդյունք: Իսկ զարգացած երկրների բանակները արդեն շատ մոտ են ինքնավարությամբ օժտված «մարդասպան ռոբոտներ» (killer robots) ստեղծելուն:

ԱԲ-ն այսօր առանցքային ռազմավարական նշանակություն ունի ու տնտեսական զարգացման շոգեքարշերից մեկը կարող է դառնալ, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կտրուկ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը: Հեղինակավոր «PwC»-ի գնահատմամբ՝ մինչև 2030թ. ԱԲ կիրառման շնորհիվ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 15,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Հաշվի առնելով ԱԲ բազմաթիվ կիրառությունները՝ այն Հայաստանի համար կարող է դառնալ թե՛ տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի գործիք, թե՛ ռազմական ոլորտում որոշիչ առավելություն ստանալու հնարավորություն: Հայաստանը զգալի ներուժ ունի նաև արհեստական բանականության հիմնարար հետազոտությունների (նոր ալգորիթմների ստեղծում բարդ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ) կենտրոններից մեկը դառնալու համար:

Ըստ էության, ԱԲ-ի հիմնարար հետազոտությունները շատ մեծ ներդրումներ չեն պահանջում. հիմնականում անհրաժեշտ է լինում կայուն ինտերնետային կապ, որոշ դեպքերում էլ՝ սուպերհամակարգիչներ (օր.՝ ավելի բարդ նեյրոնային ցանցի ուսուցում անցկացնելու համար): Բացի այդ, մենք նշանակալի ժառանգություն, կայացած ավանդույթներ և համեմատական առավելություն ունենք Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:

Ցավոք, Հայաստանի ամուր բնագիտական հիմքը դեռևս լայնորեն չի օգտագործվում ԱԲ զարգացման համար։ Չնայած մի շարք համալսարաններում վերջին տարիների ընթացքում բացվեցին արհեստական բանականության ուսուցմանը վերաբերող բակալավրի և/կամ մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաև ստեղծվեցին ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ԱԲ ուսուցումը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում։ Բացի այդ, Հայաստանում չկան դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ինչը բերում է իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնել ցանկացող երիտասարդ «ուղեղների արտահոսքի» կամ գիտական թերաճի, ինչի պատճառով ոլորտը դանդաղ է զարգանում:

Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաև ԱԲ ինժեներիայի զարգացմանը, որը հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված ալգորիթմների կիրառումն է մարդկային գործունեության տարբեր խնդիրների լուծման համար: Ալգորիթմը կիրառելու և այն որոշակի խնդրին ադապտացնելու համար անհրաժեշտ են լինելու իրական մարդկանց տվյալներ: Այստեղ արդեն մեծ կարևորություն է ունենալու պետության կողմից տվյալների հավաքագրումը, թվայնացումը և բազաների ստեղծումը, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովումը:

Արհեստական բանականության ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

ԱԲ ազգային ռազմավարությունները և դրանից բխող գործողությունների ծրագրերը ոլորտի շահառուների գործունեության համակարգման ու ուղղորդման, մեկ միասնական քաղաքականության վարման շրջանակ են: 2017թ. Կանադայի կողմից ԱԲ զարգացման ռազմավարության հրապարակումից հետո 30-ից ավել երկրներ արդեն մշակել են նմանատիպ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով խթանել ոլորտում հեռանկարային գիտական ու կիրառական հետազոտությունները:

Հայաստանում ԱԲ առաջընթացի համար այսօր առաջնային խնդիրը զարգացման ազգային ռազմավարության մշակումն է: Ընդ որում՝ ռազմավարություն ասելով անհրաժեշտ է պատկերացնել ոչ թե կաղապարային փաստաթուղթ, այլ ոլորտի զարգացման կոնսենսուսային տեսլական ու դրան հասնելու կոնկրետ միջոցառումներ՝ կառավարության, մասնավորի ու գիտահետազոտական լայն շրջանակների ակտիվ ներգրավմամբ:

Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ միջոցառումների, կարող են առաջարկել՝

Ներդնել ԱԲ-ի դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ընդլայնել ՏՀՏ ոլորտում կրթություն տրամադրող համալսարաններում ու կենտրոններում ԱԲ դերը, Օգտվելով սփյուռքում առկա հսկայական մարդկային ու սոցիալական կապիտալից՝ բնագավառի առաջատար միջազգային հաստատությունների համագործակցությամբ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, Կազմակերպել բարձր որակավորում ունեցող հետազոտողների՝ հատուկ պայմաններով ներգաղթ Հայաստան, Պետություն-մասնավոր գործակցության մոդելն ընտրելով՝ ստեղծել հատուկ վենչուրային ֆոնդ, որը ներդրում կկատարի ԱԲ ոլորտի խոստումնալից ստարտափներում, Ապահովել երկրում ստեղծվող տվյալների հավաքագրումը, թվայնացումն ու հասանելիությունը, իրականացնել համակարգված ու միասնական քաղաքականություն պետական տարբեր գերատեսչությունների կողմից, ստեղծել այս գործընթացի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Կարծում եմ, որ պետություն-մասնավոր-գիտական հանրույթ արդյունավետ համագործակցության և նպատակային աշխատանքի միջոցով Հայաստանը կկարողանա մուտք գործել արհեստական բանականության ոլորտի առաջատար երկրների խումբ, ինչը ամուր հենարան կլինի 21-րդ դարում տեխնոլոգիական ցատկի և զարգացողից զարգացած երկրի կարգավիճակի հասնելու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում