Ավետ Ադոնցը  օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները
copy image url

Ավետ Ադոնցը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները

Ներքին 3 տարի առաջ - 19:55 27-05-2021

ՀՀ ԱԳՆ-ում մայիսի 27-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։

«Գնդապետ Կարապետյանը ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար: «Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի